«Հոկտեմբերի 27-ից հետո երկիրը գլորվեց և մինչ հիմա փոսից դուրս չի գալիս». Գրիգոր Հարությունյան
Այն, որ այսօր երկրի վիճակն ընդհանրապես լավ չէ, դա հոկտեմբերի 27-ի հետևանքն է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: «Հոկտեմբերի 27-ից հետո արտագաղթը խորացավ, ժողովրդի հույսը կտրվեց, գնալով մարդիկ սկսեցին ոտքերով քվեարկել, այսինքն` հեռանալ երկրից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում`հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց ։
Ըստ Գրիգոր Հարությունյանի`եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, երկրի զարգացումը շատ ավելի այլ տեմպերով կլիներ: «Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի հետ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում, ոգևորվել էր, վերջապես մարդ էր եկել իշխանության, որն իսկապես տնտեսությունը գիտեր: Հոկտեմբերի 27-ը կատաստրոֆիկ ձևով երկրի առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա ազդեց, առաջացավ կոռուպցիա, պետական ունեցվածքի փոշիացում, դեմոգրաֆիկ խայտառակ վիճակ»,-ասաց նա:
Գրիգոր Հարությունյանը նշեց, որ ստեղծված վիճակը կարող է կարգավորվել միայն արդարությամբ, արդար և նորմալ ընտրություններով։ Նա նաև նկատեց, որ հիմա մարդիկ անտարբեր են դարձել, ընտրությունների հետ ոչ մի հույս չեն կապում, ընդամենը գնում իրենց գումարն են վերցնում:
«Միասնություն դաշինքը, երբ եկավ իշխանության, Ազգային ժողովում ընդդիմության համար հանձնաժողովների նախագահների տեղեր էր հատկացրել, այսինքն` Կարեն Դեմիրճյանը քայլ էր անում, որպեսզի բոլոր քաղաքական ուժերին ներգրավի երկրի կառավարման գործում»,-ասաց նա և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միայն 99 թվականի ընտրությունների վերաբերյալ է ասվում, որ դրանք չեն կեղծվել:
«Հոկտեմբերի 27-ից հետո արդեն երկիրը գլորվեց և մինչ հիմա փոսից դուրս չի գալիս, այն ժամանակ անտարբերություն չկար: Կարեն Դեմիրճյանի` քաղաքականություն վերադառնալով լուրջ գործընթաց տեղի ունեցավ, հասարակությունն ակտիվացավ, հասարակությունն իր հույսը կապեց իր երկրի, ղեկավարության հետ: Հիմա հասարակությունը դարձել է անտարբեր, իշխանությունը ինքնագովազդով է զբաղվում»-ասաց նա:
Գրիգոր Հարությունյանը նշեց, որ այս իշխանության պարագայում հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի. «Մարդիկ կան` թողեցին երկրից գնացին, մի մասը հանելուկային ձևով մահացավ, մի մասը չկա»,-ասաց նա: