Տեսել ենք, թե ինչով են ավարտվում Ադրբեջանի հոխորտանքները. Վարդգես Բաղրյանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից սպասելիքներ չունի
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից որևէ սպասելիք չունեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը:
Նա նշեց, որ դրական է գնահատում հանդիպման փաստն ինքնին, բայց չի կարծում, թե դրական ակնկալիքներ պետք է ունենալ:
«Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը, ինչի վկայությունն էր Ալիևի խայտառակ հայտարարությունը ՄԱԿ ամբիոնից: Ասում էր, թե կգան, կպատժեն արցախցիներին, իրենց հողերը կազատագրեն… Թե անող էին, թող անեին, հոխորտալով չէ, մենք տեսել ենք, թե ինչով են ավարտվում այդ հոխորտանքները: Եթե Ադրբեջանի նախագահն է այդպես խոսում, արտգործնախարարն ինչ պիտի անի՞… Բնականաբար, որևէ սպասելիք չկա, բայց ինչ խոսք, հանդիպելն ավելի լավ է, քան չհանդիպելը»,- նշեց Վարդգես Բաղրյանը:
Պատգամավորի խոսքով՝ հնարավոր է ԱԳ նախարարներից հանդիպումից հետո տեղի ունենա նաև երկու կողմերի նախագահների հանդիպում և բանակցային գործընթաց սկսվի:
«Հակամարտության կարգավորման վերջնական կամ դրան մոտ լուծում կարող է լինել միայն այն պարագայում, երբ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, ասի իր խոսքը, որովհետև վճռվում է արցախցիների ճակատագիրը: Չեմ հավատում, որ Ադրբեջանը կամ Ադրբեջանի ղեկավարությունը խելոքացել է, կառուցողական է դարձել: Չեմ հավատում»,- ասաց Վ. Բաղրյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, ով տարածների վերադարձի համատեքստում ասել էր, թե խոսքն այն տարածքների մասին է, որոնք չեն սպառնում Ղարաբաղի անվտանգությանը, իսկ այսօր հայտարարել էր, որ այս միտքը մեկնաբանվել է կոնտեքստից դուրս, պատգամավորն ասաց, որ Ղարաբաղում չկան այնպիսի տարածքներ, որոնք անմիջականորեն կապ չունեն անվտանգության ապահովան հետ:
«Միայն ու միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը հստակեցնելուց հետո կարելի է խոսել մնացած այլ բաղադրիչների մասին, ոչ թե տարածքներ տանք, հետո լուծենք կարգավիճակի հարցը, որովհետև այդ պարագայում Ադրբեջանը մեզ հանգիստ չի թողնի: Նրանք չեն էլ թաքցնում, որ նման ծրագիր ունեն»,- ասաց Բաղրյանը:
Հարցին՝ պաշտոնական Արցախը չի՞ փորձել Էդվարդ Նալբանդյանի հետ խոսել, հասկանալ, թե ի՞նչ տարածքների մասին է խոսքը, Վարդգես Բաղրյանն ասաց, թե չգիտի՝ Արցախը խոսել է ՀՀ ԱԳ նախարարի հետ, թե ոչ, բայց նշեց, որ Ղարաբաղը բարձր մակարդակով հնչեցրել է իր տեսակետն այս մասին:
«Դրանք պարզապես տարածքներ չեն, դա հայրենիք է: Սահմանները ամրագրված են Արցախի Սահմանադրությամբ: Որևէ մեկն իրավունք չունի առանց արցախցիների կարծիքը հարցնելու սակարկման դնել ինչ-ինչ հարցեր: Ո՞րն է այդ տարածքը, ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ տարածք նկատի ունի Նալբանդյանը: Ես մի սանտիմետր հող չեմ տեսնում, որը կարելի է տալ Ադրբեջանին, ու մեր անվտանգությանը դա սպառնալիք չլինի: Եթե Նալբանդյանը գիտի, թող ասի, թե այդ ո՞ր տարածքներն են»,- նշեց Վարդգես Բաղրյանը: