Չենք վախենում. Բարսելոնայում ահաբեկչության դեմ բազմահազարանոց երթ է անցկացվել
Բարսելոնայում այսօր բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ Իսպանիայի ղեկավարների գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է РИА Новости–ն՝ վկայակոչելով իսպանական հեռուստատեսությունը, երթը, որին մասնակցել են Բարսելոնայի հազարավոր բնակիչներ և այցելուներ, գլխավորել են Իսպանիայի Թագավորության առաջին դեմքերը՝ թագավոր Ֆելիպե VI-ը, վարչապետ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն, ինչպես նաև այլ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ցույցն անցկացվել է No tinc por (կատալոներեն՝ «Չեմ վախենում») կարգախոսի ներքո: Միջոցառումը նվիրված է օգոստոսի 17-ին Կատալոնիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին: Բարսելոնայում, Կամբրիլսում և Ալկասարում ահաբեկիչների գործողություններից 15 մարդ էր զոհվել, 100-ից ավելի վիրավորվել էին: