«Նկարչություն է». Հրաչ Բերբերյանը՝ գյուղոլորտի ԱՎԾ ցուցանիշների մասին
Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած թվերի համաձայն՝ գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը 2012-2016 թվականների ընթացքում նվազել է մոտ 100 հազարով: Եթե 2012-ին Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում էր 437.2 հազար մարդ, ապա 2016-ին՝ 338.1 հազար: Անկումը կազմել է 22.7 տոկոս:
Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ ԱՎԾ հրապարակած տվյալները չեն արտոցոլում իրականությունը, հստակ պաշտոնական պատկեր չկա, թե քանիսն են հրաժարվում հողագործությունից:
«Թող հրապարակեն նաև՝ այդ թիվը որտեղի՞ց են ստացել։ Թվանկարչության արդյունք է, գյուղապետերից , այստեղից-այնտեղից լսածը փորձում են արտացոլել ցուցանիշի մեջ: Կոնկրետ ուսումնասիրություն չի արվում: Համոզված եմ՝ 100 հազար մարդու՝ հողից հրաժարվելուց վիճակագրական վարչությունը տեղյակ էլ չէ: Մենք ունենք լուրջ խնդիր. այսօր փոքր հողակտորները ձեռնտու չէ մշակել, տալիս են վարձակալության և մեկնում են արտագնա աշխատանքի: Երկրորդ. ունենք մեծ թվով անջրդի հողեր: Ոլորտում զբաղվածների թիվը լավագույն դեպքում 150 հազար է»,- ընդգծեց նա:
ԱՎԾ-ի տվյալներով՝ 2012-2016 թվականների ընթացքում երկրի ողջ տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 3.5 տոկոս, նույն ժամանակահատվածում գյուղատնտեսության միջին տարեկան աճը նկատելիորեն բարձր է եղել՝ 6.3 տոկոս: Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հակասություն չկա երկու ցուցանիշների միջև՝ գյուղատնտեսության ոլորտում ներգրավվողների թիվը վերջին չորս տարիներին էականորեն նվազել է, բայց ոլորտում աճ է գրանցում:
«Մենք միշտ էլ զարմացած ենք եղել վիճակագրական վարչության թվերի վրա, բայց զբաղվածների թվի նվազումը չի կարող ազդել գյուղատնտեսական աճի ցուցանիշի վրա: Ինչ վերաբերում այս տարիներին վերագրող տնտեսական աճին, ապա մենք միշտ էլ զարմացած են վիճակագրական վարչության թվերի վրա: Գյուղատնտեսության աճ չկա, հացազգիների ցուցանիշն էր ավելացել»,-ընդգծեց նա:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ 2017-ի գյուղատնտեսական տարվա մասին խոսելիս կամ հետագայում արձանագրելիս ընդհանարապես աճի մասին չեն կարող ոչինչ ասել:
«Եթե խաղողագործների միության նախագահն ասում է, որ 80 հազար տոննա խաղող լավագույն դեպքում կունենաք, իսկ նախորդ տարի 200 հազար է եղել, չեն կարող աճի մասին խոսել: Շուկայում գներին էլ նայելիս միանգամից հասկանալի է պատկերը՝ ռեկորդային գներ են: Նայեք վարունգի, կարտոֆիլի, լոլիկի այլ գյուղմթերքների գները»,-եզրափակեց նա: