ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ձանձրացել են Ադրբեջանից․ ֆրանսահայ քաղաքագետ
Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ շատերը սպասում էին, որ Ադրբեջանն ամռանը՝ հուլիսին և օգոստոսին սահմանին առավել լարվածություն կստեղծի, սակայն նկատելով, որ այլևս փոխվել է միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերմունքը իրենց նկատմամբ, նման քայլի չդիմեցին:
Նա, Tert.am-ի հետ զրույցում վերլուծելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներկայիս զարգացումները, նկատեց, որ Ադրբեջանն այս ընթացքում «կանաչ լույսի» էր սպասում Ռուսաստանից կամ Թուրքիայից, սակայն որևէ մեկը կարևորություն չտվեց նրան, ընդառաջ չգնաց և տեղի չտվեց նրա կոշտ դիրքորոշմանը:
«Ադրբեջանը հիմա փակուղում է: Նույնիսկ Թուրքիայից ազդանշան չեղավ, որովհետև Թուրքիան այս պահին Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ է, և շատ հավանական է, որ Անկարան փորձել է համոզել ադրբեջանցիներին, որ ժամանակը չէ»,- ասաց նա: Հիշատակեց, որ համանախագահները նաև ճնշում գործադրեցին Ադրբեջանի վրա՝ մեղադրելով նրան լարվածություն ստեղծելու մեջ:
Ֆրանսահայ քաղաքագետի խոսքով՝ դեռ շուտ է ասել, որ Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները կվերսկսվեն: «Բայց ադրբեջանցիներն են անդրադարձել, որ ո՛չ ռուսները, ոչ՛ ամերիկացիները այլևս կարևորություն չեն տալիս իրենց կոշտ մարտավարությանը: Քանի անգամ արդեն ասել են՝ համաձայն չենք, պետք է Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչել: Ադրբեջանն արդեն ըմբռնել է, որ եթե ամեն անգամ իրեն ուղղված պատասխանը «ոչ է», կոշտ «ոչ» է գալիս, ստիպված պետք է լինի հաշվի նստել այդ «ոչ»-ի հետ»,- նշեց նա:
Կայծ Մինասյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ամեն ինչ անում է՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ բանակցություններից զատ, հիմնախնդրի կարգավորման այլ տարբերակ չկա:
«Մենք դեռ 1993-1994 թվականի կացության մեջ ենք: Այն ժամանակ ադրբեջանցիները չէին ընդունում զինադադարը, չէին ընդունում բանաձևը, ավելի հեռու կուզեին գնալ, և հայկական կողմն ավելի կոշտ պատասխան տվեց: Դրանից հետո, պետք է հիշել՝ Անվտանգության խորհրդի անդամները չորս բանաձևեր ընդունեցին, և դրանք ոչ թե հայերի դեմ էին, այլ ադրբեջանցիների, որ կանգնեցնեն նրան, մեղմեն նրա կոշտ դիրքորոշումը: Այսօր էլ նույն սցենարն է, և ադրբեջանցիներն ուրիշ ճար չունեն, պետք է բանակցությունների սեղանին վերադառնան»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ այս ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունն ազդեցություն չի ունենա Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Նա նկատեց, որ առաջին անգամ չէ, որ այդ երկրների միջև լարվածությունն աճում է: «Դա նշանում է, որ և՛ ամերիկացիների, և՛ ռուսների համար Ղարաբաղի հարցը կապված չէ միմյանց միջև եղած հարաբերությունների մակարդակից»,- նշեց նա:
Այս պահին էլ բանակցային սեղանին, քաղաքագետի կարծիքով, նոր առաջարկներ ու, ընդհանրապես, նորություններ չկան: Նշեց, որ քննարկվում է հիմնականում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը:
«Քննարկվում է՝ արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է, թե՝ ոչ դրանց հետ: Եթե համաձայն է, ուրեմն զարգացումները կարող են դրական ուղղությամբ զարգանալ: Դրանից հետո կարող ենք նոր զարգացումներ տեսնել բանակցություններում: Չեմ կարող ասել, որ խաղաղություն կլինի, բայց դրական մթնոլորտ կստեղծվի: Եվ քանի որ Հայաստանի դիրքորոշումն ավելի կոշտ է այսօր, քան մեկ տարի առաջ, և լավ է, որ ավելի կոշտ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունում են, որ Հայաստանը չէ այսօր ստեղծված իրավիճակի պատասխանատուն: Եվ պետք է ասել, որ Հայաստանի կոշտ դիրքորոշումն հետևանքն է Ադրբեջանի կոշտ դիրքորոշման և ոչ թե պատճառը»,- նշեց նա:
Նա պատահական չհամարեց այն կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեծ մասը ցանկանում են Ստեփանակերտին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ քննարկումները: Նրա խոսքով՝ բոլոր կողմերն էլ, չնայած որ տարբեր հարցերի շուրջ ունեն բազմաթիվ տարաձայնություններ, Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ունեն նույն դիրքորոշումը:
Նա մատնանշեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններն ընթանում են հենց Արցախի կարգավիճակը որոշելու շուրջ, և դրան է դեմ հենց Ադրբեջանը: «Ադրբեջանցիները մինչև այսօր այդ կեցվածքը չեն ընդունում և մինչ օրս փորձել են համոզել միջնորդներին, որ պետք է իրենց միջոցներով փոխեն Ղարաբաղի կարգավիճակը, սակայն հիմա էլ նրան դա անել չի ստացվում: Քառօրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ անիմաստ է բռնությամբ իրավիճակ փոխելը»,- նշեց նա:
Այս պահին, ըստ Կայծ Մինասյանի, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում բեկումնային գործընթացներ սկսելու հավանականությունը կախված է հենց Ադրբեջանից: «Եթե Ադրբեջանը համանախագահներից «կանաչ լույս» ստանա, որ կարող է սադրանքներ իրականացնել, լարվածություն ստեղծել, կշահագործի այն: Բայց այդպես չի լինի, որովհետև հիմա Ադրբեջանը փակուղու մեջ է, քանի որ նախ՝ համանախագահներն այլևս ձանձրացել են Ադրբեջանից, նրա դիրքորոշումից, և ադրբեջանցիներն էլ այնքան անպատասխանատու չեն, որ չտեսնեն միջազգային հանրության վերաբերմունքը»,- նշեց նա: