Եթե Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կնքվի, Հայաստանի տնտեսությունը կտուժի. տնտեսագետ
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի կողմից Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու հնարավորությանը և դրա արդյունքում հայ-թուրքական սահմանի բացման հավանականությանը: Նա նախ նկատեց, որ ԵԱՏՄ-ի կազմում հիմնական դոմինանտ երկիրը Ռուսաստանն է, և հիմնական տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ են տեղի ունենում:
«Ռուսաստանը և Թուրքիան արդեն երկար տարիներ սերտ տնտեսական հարաբերություններ ունեն և եթե ազատ առևտրի համաձայնագրի կնքումը ինչ-որ մի ժամանակ իրականություն դառնա, ապա էական փոփոխություն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այնտեղ կան երկրներ, որոնք ունեն ազատ առևտրի համաձայնագիր, սակայն հաշվի առնելով այդ երկրների հետ շատ փոքր տնտեսական հարաբերությունները, դրա ազդեցությունը շատ քիչ է»,-ասաց նա:
Տնտեսագետը նկատեց, որ չնայած փակ սահմաններին, ներմուծման ծավալներով Թուրքիան Հայաստանի խոշոր գործընկերների թվում է, իսկ արտահանման ծավալներով վերջին տեղերում է: «Սա ոչ մոտ ապագայի հարց կարելի է համարել, հաշվի առնելով նաև, որ Թուրքիայի այս մտադրությունը նրա քաղաքական գործունեության հերթական գործիք է: Սրանով Թուրքիան փորձում է Եվրամիությանը ցույց տալ, որ չնայած տասնամյակներ շարունակ փորձում է ԵՄ անդամ դառնալ, սակայն պատրաստ է լուրջ հարաբերություններ ունենալ, մասնավորապես Ռուսաստանի հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա հնարավոր հետևանքներին, եթե կնքվի ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը կտուժի, քանի որ գյուղմթերքների լուրջ մրցակից է համարվում Թուրքիան: «Տնտեսական գոտու առավելություններից մեկն այն է, որ արտահանման ծավալներն ավելացվեն, առավել ևս, որ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ նշվեց, որ 200 միլիոնանոց շուկա է բացվում, սակայն այդ համաձայնագրի պարագայում որևէ շանս չենք ունենա»,-ասաց նա:
Նա ասաց, որ Թուրքիայի հետ սահմանի փակ լինելու պատճառով ստիպված ենք լինում դեպի Թուրքիա ապրանքաշրջանառությունը կատարել Վրաստանի միջոցով, որը որոշակի տարանցիկ ծախսեր է առաջացնում: Նրա խոսքով՝ սահմանի բացման արդյունքում, իհարկե, առևտուրը որոշ առումով կաշխուժանա, բայց միայն տնտեսական տեսանկյունից հայ-թուրքական սահմանի բացումը որևէ դրական ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա չի ունենա: