Լոս Անջելեսի կենդանաբանական այգում կույր ծովառյուծ է բնակություն հաստատել
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում բնակություն է հաստատել Բադդի անունով կույր ծովառյուծը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 10-ամյա կենդանին ավելի քան 315 կիլոգրամ քաշ ունի և ձայներ է արձակում, որոնք կարելի է լսել մոտ 0.5 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքում: Կենդանին լավ է հարմարվում նոր պայմաններին:
Նշվում է, որ կուրության պատճառով կենդանին չի կարողացել ինքնուրույն որսի գնալ կամ պաշտպանվել: Անցած տարվա հունիսին հյուծված կենդանուն փրկել են Կալիֆորնիայում, ինչից հետո նա տեղափոխվել է ծովային կաթնասունների օգնության կենտրոն:
Կենտրոնում կենդանին 10 ամիս վերականգնվել է, սակայն վնասվածքների պատճառով նրան հնարավոր չի եղել բաց թողնել վայրի բնություն: Այդ կապակցությամբ Բադդիին ապաստան է տվել տեղական կենդանաբանական այգին:
Նշվում է, որ ներկա պահին Բադդին բնակվում է մի քանի այլ ծովառյուծների հետ: