Կասկածյալներին ու մեղադրյալներին հարցաքննելիս ոչ թե պետք է տեսաձայնագրել, այլ բոլոր դեպքերում ապահովել պաշտպաններով. փաստաբան
Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել փոփոխություններ մտցնել խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերի քննության մեջ: Համաձայն առաջարկի՝ այն կասկածյալներն ու մեղադրյալները, ովքեր չունեն պաշտպաններ, նրանց հարցաքննությունը պետք է տեսաձայնագրվի, իսկ ՁՊՎ կամ ՔԿՀ մուտք գործած անձն էլ անկախ բժշկի կողմից կենթարկվի բուժզննման:
Դատախազության առաջարկած փոփոխությունների հետ համամիտ չէ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Tert.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ այդտեղ միևնույն է` բացեր ու մտահոգություններ կան:
«Ես նախընտրում եմ, որ բոլոր դեպքերում ապահովվի պաշտպանի մասնակցությունը, ոչ թե տեսաձայնագրությունը: Որովհետև առաջին հերթին չգիտես, թե ինչ նպատակով կարող է իրականացվել տեսաձայնագրում: Դա հազար ու մի նպատակ կարող է հետապնդել»,-ասաց Սիմոյանը:
Ինչ վերաբերում է ՁՊՎ կամ ՔԿՀ մուտք գործած անձին անկախ բժշկի կողմից բուժզննման ենթարկելուն, Սիմոնյանն ասաց, որ այստեղ ևս «անկախ բժիշկ» ասվածը հարաբերական է, և մտավախություն կա, որ այդ բժիշկն այնքան էլ անկախ չի լինի:
«Նախ դեռ հարց է, թե ինչ հանձնաժողովի կամ ում կողմից է ընտրվելու անկախ բժիշկը: Բացի այդ, ինչո՞ւ ընտրել անկախ բժիշկ և չթույլատրել, որ անձին զննի իր հրավիրած բժիշկը»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի հանձնարարականներում կա պահանջ, համաձայն որի՝ քննչական բոլոր գործողությունները պարտադիր պետք է տեսաձայնագրվեն: Իսկ քանի որ դա օրենսդրական փոփոխություն է պահանջում, մինչ այդ փոփոխությունները դատախազությունը հանդես է եկել վերը նշված առաջարկներով: