Դանիայում անհետացած լրագրողու որոնումներն ավարտվել են. մարմինը հայտնաբերել են առանց գլխի
Կոպենհագենի ափամերձ ջրերում կնոջ մարմին է հայտնաբերվել՝ առանց գլխի և վերջույթների, սակայն ոստիկանությունը վաղ է համարում հաստատել, որ հայտնաբերված մարմինը պատկանում է վերջերս անհետացած լրագրողուհի Քիմ Վալին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մարմինը հայտնաբերել է ափամերձ շրջանով անցնող հեծանվորդը, որն էլ ոստիկաններին է դիմել:
Վալին վերջին անգամ տեսել են գյուտարար Փիթեր Մադսենի սուզանավում օգոստոսի 10-ի երեկոյան: Լրագրողուհին հոդված էր պատրաստում Մադսենի և նրա «Նաուտիլուս» սուզանավի մասին:
Մադսենին ոչ կանխամտածված սպանության մեղադրանք են ներկայացրել: Վերջինս երկուշաբթի դատարանում հայտարարել է, որ Վալը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, և ինքը «թաղել է» նրան ծովում:
46-ամյա գյուտարարը հայտնել է, որ մարմինը ծովին է հանձնել Կոպենհագենի հարավային ծովախորշում: Մարմինը որոնելու մեկնել են սուզորդներ, ուղղաթիռներ և փրկարարական նավեր, որոնք ուրբաթ օրվանից որոնումներ են իրականացնում: