Կիմ Չեն Ընը գաղտնի Հրվ. Կորեայի հետ սահմանի մոտ գտնվող ռազմաբազա է այցելել. լրատվամիջոցներ
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընն օգոստոսի սկզբին գաղտնի այցելել է Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող ռազմաբազա, հայտնում է Yonhap գործակալությունը:
Նշվում է, որ այդ ռազմաբազան գտնվում է Հարավային Կորեայի սահմանից ընդամենը մեկ միլոմետր հեռավորության վրա:
Կիմ Չեն Ընի այցի նպատակը չի հայտարարվում, սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, այն չափազանց անսովոր է և կարող է վկայել Սեուլի դեմ Փհենյանի նոր սադրանքների մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան «Ըլչի-Ֆրիդոմ գարդիան» անվամբ համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում:
Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:
Այնուհանդերձ՝ վերջին շրջանում 2 պետությունների ղեկավարները նախընտրել են մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել է, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն է տվել այս որոշմանը: