«Հերիք է ազգի դավաճաններին պաշտպանես, այ ...»». Արայիկ Խանդոյանի մյուս պաշտպանը ևս նույն օգտատիրոջից հայհոյախառն հաղորդագրություն է ստացել
Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանը ևս հայհոյախառն հաղորդագրություններ է ստանում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Ղարագյոզյանը.«Այդ նույն՝ Էմմա Սահակյան անունով օգտատերը ինձ ևս հայհոյախառն նամակներ է ուղարկել յոթ ամիս առաջ: Երբ Արայիկ Խանդոյանի մյուս պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Էմմա Սահակյան անունով օգտատերն է իրեն սպառնալից ու հայհոյախառն նամակներ է ուղարկել, պարզեցի, որ նույն օգտատիրոջից ես ևս նամակներ ստացել եմ և արգելափակել նրան»:
Արա Ղարագյոզյանն ասաց, որ այստեղ հատկանշական է նաև այն, որ սպառնում են, հայհոյում են հենց Խանդոյանի պաշտպաններին. «Խանդոյանին կալանավորելուց անմիջապես հետո հետևյալ բովանդակությամբ նամակ ստացա. «Հերիք է ազգի դավաճաններին պաշտպանես, այ ...»: Այդ ընթացքում, հիմա ևս նման բովանդակությամբ նամակներ ստանում է գործընկերս: Որքանով տեղյակ եմ՝ գործում ներգրավված մյուս պաշտպանները նույն օգտատիրոջից նման բովանդակությամբ նամակներ չեն ստացել»:
Հիշեցնենք, որ Խանդոյանի մյուս պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն ու իր ընտանիքին ուղղված սպառնալից հաղորդագրություններ է ստանում, որը պայմանավորված է իր աշխատանքային գործունեությամբ: