Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է. արվելու է առավելագույնը՝ հետագայում նման աղետների կրկնությունը բացառելու համար. Կարեն Կարապետյան
Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով փրկարարներին, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություններին, ՀՀ Զինված ուժերին, Ոստիկանությանը, անտառտնտեսությունների աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին:
«Երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին, մասնավորապես` ՌԴ կառավարության ղեկավարին` հատուկ տեխնիկա տրամադրելու համար: Շնորհակալ եմ ռուսաստանցի օդաչուներին և փրկարարական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար:
Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք և համապատասխան հետևություններ չենք անելու: Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է և արվելու է առավելագույնը՝ հետագայում նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար»,- նշել է վարչապետը: