Քրեական գործերն ավելանում են, դատավորների քանակը մնում է նույնը ու հարցերը չեն լուծվում. Լուսինե Սահակյան
Հանրային հնչեղություն ունեցող դատական նիստերի օրերին այդ դատարաններում այլ նիստեր կամ չեն նշանակվում, կան նշանակվում են ու հետաձգվում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
«ՊՊԾ գնդի գործով նիստի օրերին, մասնավորապես, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստեր չեն նշանակվում կամ նիստերը հետաձգվում են»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Հարցին,թե այդ դեպքում ինչպես է ողջամիտ ժամկետում հասցվում քննել գործը, Լուսինե Սահակյանն ասաց.«Առանց այդ էլ քրեական գործերով դատական նիստերը նշանակվում են բավականին ուշ, քաղաքացիական գործերով շատ ավելի վատ իրավիճակ է: Իսկ քրեական գործերով նիստերն ուշ են նշանակվում, որովհետև բավականին ծանրաբեռնված են դատավորները: Այս մասին բազմիցս խոսվել է, որ դատավորների քանակը պիտի ավելացվի, որովհետև քրեական գործերի քանակն ավելացել է, սակայն դատավորներիս քանակը մնում է նույնը: Այս ծանրաբեռնվածությունը լուրջ ազդում է ողջամիտ ժամկետներում գործի քննության վրա, բացի դրանից անհնար է, որ դատավորն իր վարույթում ունենա այդքան քրեական գործ և դրանք կարողանա քննել լրիվ և բազմակողմանի, որովհետև անձը չի կարող ամբողջությամբ հիշել այդքան գործի տվյալները»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքով՝ դատարանների ծանրաբեռնվածությանն ավելանում է նաև արհեստածին ծանրաբեռնվածության ու լարվածության վիճակը հանրային հնչեղություն ունեցող գործերով, ինչի հետևանքով էլ այլ նիստեր չեն կայանում:
«Օրինակ ՊՊԾ գնդի գործերով նիստերին կենտրոնանում են դատական կարգադրիչները, ոստիկանության աշխատակիցները, որոնք ուղեկցում են ամբաստանյալներին կալանավայր, մյուս քրեական գործերի վրա դա կանդրադառնա, նաև ձևականորեն այդքան անձ չներկայացնեն այդտեղ, ձևական իրավիճակներ են ստեղծում, թե լարված իրավիճակ է: Իրականում իրենք ստեղծում են լարված իրավիճակը, հետո ասում են, թե քանի որ լարված իրավիճակ է, իրենք չեն հասցնում և այլ գործերը հետաձգվում են այդ պատճառաբանությամբ»,-ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխելու համար պետք է այս ամենը դադարեցնել, նորմալ իրավիճակ ստեղծել ՊՊԾ գնդի գործերով, որպեսզի նորմալ քննություն իրականանա և որպեսզի այդ լարվածությունը չազդի մյուս գործերին:
Փաստաբանը նաև հայտնեց, որ կալանավորների շրջանում դժգոհություն կա, որ իրենց առնչվող գործերի քննությունն առանց հարգելի պատճառների հետաձգվում է.«Շատերն ակնկալում են, որ արդարացվելու են և իզուր երկար ժամանակով են մնում կալանքի տակ: Սակայն նիստերը չհետաձգելու, արագ նիստեր նշանակելու հարցերը այդպես էլ լուծում չի ստանում»: