Դատավորը պետք է բավարարվի իր աշխատավարձով, իսկ եթե չի ուզում, թող արհեստավոր աշխատի. նախկին դատավոր
Արդարադատության համակարգում կաշառակերության մակարդակը չի փոխվել և չի փոխվելու, քանի դեռ երկրում կոռումպացված համակարգ է գործում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով կաշառակերության մեջ մեղադրվող դատավորների գործերին:
«Կաշառակերությունը համակարգից իսպառ բացառել հնարավոր չէ, բայց նվազեցնել կարելի է և պետք է՝ մի շարք գործոնների համադրությամբ»,- ասաց Օհանյանը:
Հարցին, թե ինչ մեխանիզմների միջոցով է հնարավոր նվազագույնի հասցնել կոռուպցիոն դեպքերն արդարադատության ոլորտում, Օհանյանը պատասխանեց. «Առաջինն աշխատավարձն է, որն արդեն բարձրացված է, բավականին բարձր է: 520 հազար դրամը դատավորի համար պետք է լինի բավարար: Գուցե բավարար չէ, բայց պիտի բավարարվեն, որովհետև դա մեր երկրում բարձր աշխատավարձ է համարվում, իսկ եթե չեն բավարարվում, թող դիմում գրեն, դուրս գան, գնան արհեստավոր դառնան, բիզնեսով զբաղվեն և ավելի լավ փող աշխատեն: Իսկ եթե ընտրել են այդ աշխատանքը, և դրա համար ծանոթ, բարեկամներ, քավորներ են միջամտել, թող բավարարվեն այնքանով, որքան տրվում է»:
Բացի աշխատավարձի բարձրացումից, Պարգև Օհանյանի կարծիքով՝ կոռուպցիոն ռիսկերը բացառող գործոն է նաև պատիժը, ընդ որում՝ նաև ներքին կարգով սահմանված:
«Սինգապուրի վարչապետին էլի հիշենք, երբ հարցրին, թե ինչպես անենք, որ բացառենք կոռուպցիան, ասաց՝ սեփական օրինակով: Նախ` պետք է ամենաբարձր մակարդակներում կոռուպցիան վերանա: Մարդիկ իմանան, որ կոռուպցիա չպիտի լինի, այլապես խիստ կպատժվեն: Պատիժը պետք է որպես ծայրահեղ անհրաժեշտություն գործի, այսպես կոչված, քաղաքական որոշում պետք է կայացվի ամենաբարձր մակարդակով, թեկուզ ներքին կարգով՝ վերացնում ենք կաշառքը, ով ընկավ մեզնից, չնեղանա»,-ասաց Օհանյանը:
Բացի դրանից՝ նա նշեց, որ դատավորները լրացուցիչ աշխատանքով ևս կարող են զբաղվել, ինչպես մանկավարժությունն է. «Թող գնան մանկավարժությամբ զբաղվեն: Համալսարաններում խիստ կարիք կա պրակտիկ դասախոսների, և կստանան այլ աշխատավարձ ևս»:
Պարգև Օհանյանի խոսքով՝ հասարակության մեջ կաշառքն ընդունելի ու սովորական երևույթ է դարձել. «Կաշառքը մեր արյան մեջ մտել է, համակարգն ընդունել է, հասարակությունը ընդունում է, կաշառքի մասին դեպքերը մեզ համար սովորական են՝ «որքան տվեցիր այն հարցը լուծելու համար», «այսքան փող տվեցի» և այլն: Մեկ, երկու կաշառքի գործերը բավարար չեն, երևի տեռոր է պետք»:
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին նախագահին և Շենգավիթի դատարանի դատավորին կաշառք վերցնելու մեջ մեղադրելուն և կալանավորելուն, Պարգև Օհանյանն ասաց, որ նման մեղադրանքով մեղադրվողներին կալանավորելու դեպքերը, միևնույն է, չեն շատացել:
«Գուցե դա պատահական զուգադիպություն է, կամ՝ լինենք լավատես, գուցե հատուկ նպատակ է հետապնդում, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան է փոխվել»,-եզրափակեց նախկին դատավորը: