Հրվ. Կովկասի երկրներն Իրանի հետ շփումներում չունեն անկախություն, նրանց որոշ ուժերի թույլտվությունն է պետք. Հայաստանի դեպքում բացարձակ այլ է. իրանագետ
Վերջերս տեղի ունեցավ Իրանի վերընտրված նախագահի երդմնակալությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երդմնակալության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետևանքով Հայաստանի վրա ազդեցության գոտիների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ:
-Պարո՛ն Տոնոյան, ի՞նչ էր ենթադրում Ռոհանիի երդմնակալությանը նախագահի մակարդակով մասնակցելը։ Այնտեղ 7 երկրի նախագահ և մեկ թագավոր էր ներկա, իսկ Հարավային Կովկասից միայն Հայաստանի նախագահն էր:
- Ի տարբերություն Հարավային Կովկասի այլ պետությունների, որոնք Իրանի հետ հարաբերություններում չունեն անկախություն և նախագահի մակարդակով այդպիսի միջոցառման մասնակցելու համար պետք է ունենան որոշ ուժերի կենտրոնների թույլտվություն, ապա Հայաստանի պարագայում իրավիճակը բացարձակ այլ է։ Իրանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանումը, դրանց ընդլայնումը և զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Պայմանավորված նաև այս հանգամանքով՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները կառուցվում են անկախ հիմքերի վրա և անմիջական շահերի համադրման սկզբունքով։ Ընդ որում՝ Հայաստանին և Իրանին այս տարածաշրջանում միավորում են ոչ միայն քաղաքական և տնտեսական շահերը, այլ նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում ունեցած ընդհանուր մոտեցումները։ Հետևաբար, Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը նախագահի մակարդակով մասնակցելը հերթական անգամ վկայեց հայ-իրանական հարաբերությունների որակական խորության մասին։
-Իրանի նախագահը խոսեց ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին՝ հիմնականում քննադատելով ԱՄՆ-ին։ ՀՀ նախագահն այնտեղ ներկա էր, սա ինչ-որ կերպ կազդի՞ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վրա։
- ԻՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ունեցել են շատ ավելի լարված փուլեր, ընդ որում՝ նաև ոչ վաղ անցյալում, ինչպես օրինակ 2011-2013թթ., երբ երկու պետությունները կանգնած էին պատերազմի շեմին, և այդ ամբողջ ընթացքում հայ-իրանական և հայ-ամերիկյան հարաբերությունները միմյանցից անկախ զարգացել են, առանց որևէ խոչընդոտի։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը, ի տարբերություն ԻԻՀ որոշ հարևան պետությունների, այդ թվում և հարավկովկասյան շիայադավան, այդ ամբողջ ընթացքում շարունակում էր զարգացնել և խորացնել իր հարաբերությունները Իրանի հետ՝ ծանր պատժամիջոցների առջև կանգնած իր հարավային հարևանին օժանդակելով իր հնարավորությունների ամբողջ ծավալով։ Հետևաբար, պետք չէ որևէ վտանգ սպասել ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում այս պահին՝ նշված հարցով պայմանավորված։
-Իրանի նախագահն անդրադարձավ նաև ԼՂՀ խնդրին՝ ասելով, որ խնդիրը պետք է լուծվի ոչ ուժային ճանապարհով։ Սա գուցե մեսիջ էր հակամարտության կողմերից մեկին։
- Միանշանակ, ԻԻՀ նախագահի հայտարարությունն ուղերձ էր՝ ուղղված Ադրբեջանական Հանրապետությանը։ Ավելին՝ Հ․ Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանն այլևս երբեք թույլ չի տա իր սահմանների շրջանում ապակայունացում, և սա ևս ուղղված էր դեպի Ադրբեջանական հանրապետություն, որն ամեն ինչ անում է սահմանային լարվածությունը մեծացնելու ուղղությամբ։ Ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը, այնպես էլ Արցախի հանրապետությունն ունեն ընդհանուր սահման Իրանի հետ, և տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման ԱՀ փորձերը անընդունելի են նաև Իրանի համար։
-Ի վերջո, ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման սպասե՞լ, և արդյոք Հայաստանը կարո՞ղ է կանգնել ընտրության առաջ, թե՞ երկու երկրները տարբեր բևեռներ են մեզ համար։
- Հ․ Ռոհանիի կառավարությունն անցած չորս տարիների ընթացքում աչքի ընկավ իր արտաքին ճկուն քաղաքականությամբ, և ԻԻՀ-Արևմուտք հարաբերությունները նոր որակ ձեռք բերեցին։ Իհարկե, իրավիճակն այժմ մի փոքր այլ է՝ ԱՄՆ-ում նոր նախագահի իշխանության գալով պայմանավորված, բայց, ամեն դեպքում, ենթադրելի է, որ առաջիկա 4 տարիների ընթացքում ևս Հ․Ռոհանիի կառավարությունը փորձելու է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ, առանց որի սեփական ժողովրդին խոստացված տնտեսական զարգացումը հնարավոր չի լինելու կյանքի կոչել։ Ամեն դեպքում, ՀՀ շահերի տեսանկյունից ամենևին ցանկալի չէ ԻԻՀ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը, բայց եթե նույնիսկ ականատես լինենք այդ հարաբերությունների վատթարացմանը, ապա ՀՀ-ը ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ ԻԻՀ-ի հետ իր հարաբերությունները միմյանց չի հակադրելու․ նշվածներից յուրաքանչյուրի հետ Հայաստանը զարգացնում է անկախ հարաբերություններ։