Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին սիրիական Ռաքքայում ահաբեկիչներին օգնելու մեջ
Իրանի անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ալի Շամհանին հայտարարել է, որ սիրիական Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած օդային հարվածները օգուտ են տալիս ահաբեկիչներին. այս մասին հայտնում է Press TV-ն:
Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը գրել էր, որ կոալիցիան հարվածներ է հասցրել Ռաքքայում գտնվող բժշկական հոսպիտալի:
Սիրիայի Իմադ Համիսի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալի Շամհանին շեշտել է, որ Վաշինգտոնի քայլերն ուղղված է Սիրիայում ահաբեկչական կառույցների դիրքերի ամրապնդմանը, Սիրիայի վարչապետն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայի տարածքում համաձայնեցված չեն պաշտոնական Դամասկոսի հետ:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն, որ ԻՊ-ի սիրիական «մայրաքաղաքի»՝ Ռաքքայի շուրջ 40 տոկոսն արդեն ազատագրվել է ահաբեկիչներից։