12-ամյա պանամացին դարձել է դաջվածքների մասնագետ և ունի իր մշտական հաճախորդները (տեսանյութ, լուսանկարներ)
Պանամացի դեռահաս 12-ամյա Էզրա Դորմանն իր վաղ տարիքում արդեն գիտի, թե ինչ է պատասխանելու «Ինչ ես դառնալու երբ մեծանաս» հարցին. արդեն մեկ տարի է, ինչ տղան զբաղվում է դաջվածքներ անելով և հստակ գիտի, որ գտել է այն, ինչն իսկապես իրենն է:
Ինչպես գրում է life.ru-ն, ամեն ինչ սկսվել է այն օրից, երբ տղան ականատես է եղել, թե ինչպես են իր մայրիկին դաջվածք անում և ցանկություն է հայտնել նույնպես փորձել իրեն այդ ոլորտում: Մայրիկը չի շտապել խանգարել նրան և բոլորովին դեմ չի եղել:
«Ինձ վրա դաջվածք էին անում և տղաս կողքին էր, նա շատ ուշադիր հետևում էր ամբողջ ընթացքին և վերջում ցանկություն հայտնեց իր ուժերը փորձել նույն գործում», - հիշում է մայրը:
Իսկ տղայի առաջին այցելուն եղել է հայրը:
Էզրան խոստովանում է, որ շատ հուզված է եղել առաջին գծերը հայրիկի մաշկին դաջելիս և նույնիսկ պահել է շունչը:
«Ես միշտ ասում եմ այցելուներին, որ դեռ նոր եմ սովորում, եթե դա նրանց չի խրտնեցնում՝ սկսում եմ աշխատել», - պատմում է 12-ամյա տղան, ով արդեն ունի իր մշտական հաճախորդները: