Գերմանիայի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ չեն անդրադառնա ԵՄ-ի վրա
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը վտանգի տակ չի դնի Եվրոպական Միության շահերը՝ նոր պատժամիջոցներ մտցնելով Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին հայտնում է Finanznachrichten պորտալը:
«Ես շատ սերտ կապի մեջ եմ իմ ամերիկացի գործընկերների հետ: Մենք՝ եվրոպացիներս, հույս ունենք, որ տվյալ դեպքում նրանք չեն գործի հակառակ եվրոպական շահերին», - ասել է նա:
Դրանից բացի` Գաբրիելն ակնկալում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրի ՌԴ դեմ պատժամիջոցների օրինագիծը ներկա տեսքով:
«Մենք շատ ուրախ ենք, որ ԱՄՆ նախագահը դեռ չի որոշել՝ ինչպես կվարվի օրինագծի հետ: Նա հնարավորություն ունի մեզ հետ քննարկել այդ պատժամիջոցները եվրոպական շահերի կոնտեքստում», - հավելել է Գաբրիելը:
Նախարարն «ապօրինի» է անվանել նոր պատժամիջոցները՝ նշելով, որ դրանց միջոցով ԱՄՆ-ը ցանկանում է իր համար տեղ ազատել ամերիկյան էներգառեսուրսները ԵՄ առաքելու համար:
Հայտնի է, որ հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Սենատն օրենք է ընդունել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին: Այժմ ԱՄՆ նախագահը 10 օր ունի օրենքն ընդունելու կամ մերժելու համար: