ՀՀ-ի համար մեծ օգուտներ խոստացող «կրկնակի հարկումը բացառող» պայմանագրի համար ԱՄՆ-ն բաց է, մինչդեռ հայկական կողմը լռում է. քաղաքագետ
ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյաների հայտարարությունները, թե բաց են ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրի շուրջ բանակցությունների համար, անհասկանալիորեն արձագանք չի ստանում հայկական պաշտոնական շրջանակներից. Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ հայտնի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով ներկայացնում է Կալիֆոռնիան, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբերնը, ինչպես նաև ԱՄՆ ֆիննախի (գանձապետարանի) հարկային քաղաքականության հարցերով օգնականը հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է կրկնակի հարկումը բացառել:
«Այսինքն՝ բոլոր կողմերից և՛ օրենսդիրը, և՛ գործադիրը դրա մասին ԱՄՆ-ում հայտարարություն են անում, մոտավորապես մեկ շաբաթ առաջ է խոսել Շերմանը դրա մասին, այսօր արդեն պետդեպարտամենտը և ֆիննախի օգնականը, իսկ այդ ուղղությամբ Հայաստանից որևէ պատասխան չի եղել, թե ուզում եք, չեք ուզում, դեմ եք, կողմ եք, լավ է, վատ է, մեզ ձեռք չի տալիս, այսինքն՝ հանրային հայտարարությանը հանրային հայտարարությամբ պատասխան չի եղել»,-ասաց Սարգսյանը:
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ այդ պայմանագրի առկայության դեպքում ՀՀ-ի օգուտները շոշափելի կլինեն: «Օգուտները կարող են կայանալ նրանում, որ լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ առևտրային հարաբերությունների համար, այսինքն՝ երկուստեք առևտրի ծավալը նկատելիորեն կաճի: Ներդրողների համար ևս դրական մեսիջ է, որպեսզի ամերիկյան ներդրողները գան և Հայաստանում ներդրում անեն, բայց պայմանագրի բացակայությունը խանգարում է, որովհետև կրկնակի հարկման առջև են կանգնում բիզնեսմենները՝ և՛ Հայաստանում են, հարկվում և՛ ԱՄՆ-ում: Որպեսզի բիզնեսի խոչընդոտող խնդիրները վերցվեն, պետք է ստորագրեն այդ չեղարկման պայմանագիրը, որը ԱՄՆ-ի կողմից արդեն տևական ժամանակ հրամցվում է»,-ասաց նա: Միաժամանակ հավելեց, որ իհարկե ԱՄՆ հայկական ընկերությունների և հայկական բիզնեսի նախաձեռնությունն է:
Թե ինչու է հայկական կողմն անտեսում, Սուրեն Սարգսյանը դժվարացավ պատասխանել, և նշեց, որ, իհարկե, երկու պետությունների միջև պետք է կնքվի միջպետական պայմանագիր, որը երկար իրավական և քաղաքական պրոցես անցնող փաստաթուղթ է:
«Եվ ԱՄՆ-ում և ՀՀ-ում և դրա շուրջ պետք է բանակցել, բայց բոլորս էլ հասկանում ենք, եթե նույնիսկ երկարամյա պրոցես է, անպայման պետք է անդրադառնալ, որովհետև կարևոր նշանակություն ո ունեցող փաստաթուղթ է»,-ասաց նա :
Իսկ թե հնարավոր է ԵԱՏՄ համաձայնագրերին հակասում է, քաղաքագետը նշեց, որ ոչ: «Որովհետև ՀՀ-ն կրկնակի հարկումից խուսափող պայմանագրեր ունենք Եվրոպական միության մի շարք երկրների հետ»,-ասաց նա: