Փարիզում հայկական Անաքո տափանավի ճակատագիրը վտանգված է, այն օրինական ճանապարհով վտարվելու է
Փարիզում հայկական մշակութային կենտրոն «Անաքո» տափանավի ճակատագիրը վտանգված է, այն օրինական ճանապարհով վտարվելու է Փարիզից․ այս մասին գրել է Ֆրանսիայում հրապարակվող «Նոր Հառաջ» պարբերականը:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Ֆրանսիայում «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը: Նա պարզաբանեց իրավիճակը՝ Փարիզի քաղաքապետարանը մի քանի տարով արտոնություն է տվել «Անաքո» տափանավին Սենա գետի վրա ժամանակավոր տեղակայվելու համար:
«Ամեն 3, 6 կամ 9 տարի Փարիզի քաղաքապետարանը վերանայում է համաձայնագրերը: «Անաքո»-ի նման նավերը պետք է իրենց կատարածի և ապագայում կատարվելիք ծրագրի մասին տեղյակ պահեն Փարիզի քաղաքապետարանին: Ինչը որ «Անաքո»-ն կատարել էր, սակայն Փարիզի քաղաքապետարանը չի ընդունել «Անաքո»-ի նոր ծրագիրը»,- ասաց նա:
Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ «Անաքոն» պետք է լքի Փարիզը 2018 թվականի հունվարի 1-ին: «Չգիտի, թե ուր գնա: Սենա գետի վրա տեղավայրեր գտնելը դժվար է: «Անաքոն» ասում է, որ այս որոշումն ունի քաղաքական կամ բիզնես բնույթ»,- նշեց Գրիգոր Ամիրզայանը՝ ենթադրելով, որ հնարավոր է, կարծում են՝ այլ ընկերություններ գաղտնի գումար են տվել տեղի համար:
Գրիգոր Ամիրզայանն այնուամենայնիվ նշեց, որ չի կարծում, որ խնդիրն ուղղված է հայերի դեմ, քանի որ Փարիզի քաղաքապետարանը խոստացել է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդին, որ այնտեղ հայկական մշակութային կենտրոն կբացի:
Նշենք, որ «Անաքո» տափանավը 2009 թվականից համախմբել է հարյուրավոր արվեստագետներ, հազարավոր այցելուներ՝ համերգների, երաժշտական հանպատրաստից ծրագրերի, դասախոսությունների շուրջ:
Անաքոն՝ «համաշխարհային մշակույթների տափանավը» աշխատանք է տարել նաև անհետացման սպառնալիքի ենթակա մշակույթներին նվիրված ծրագրեր կազմակերպելով և դրանց շուրջ հետաքրքրություն ստեղծելով:
Նշենք, նաև, որ հայկական տափանավի անձնակազմը նախաձեռնել է ստորագրահավաք, որով ցանկանում է կանգնեցնել «Անաքո»-ի՝ Փարիզից վտարվելու գործընթացը: