Թուրք-սիրիական սահմանին մոր հետ միասին ձերբակալված ռուսաստանցի անչափահաս աղջիկը վերադարձվել է ՌԴ. Կադիրով (տեսանյութ)
Թուրք-սիրիական սահմանը հատելիս իր մոր հետ միասին ձերբակալված ռուսաստանցի անչափահաս աղջնակը վերջապես հանձնվել է իր հորը՝ Սերգեյ Ուլիխանովին, այս մասին գրում է lenta.ru-ն։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հավաստիացրել է, որ անձամբ է զբաղել աղջկա վերադարձի խնդրով և թուրքական կողմի հետ համագործակցության շնորհիվ նա այժմ հարազատ հոր ձեռքերում է։
Նշենք, որ երեխայի մայրը՝ Սվետլանան ձերբակալումից հետո հրաժարվել էր վերադառնալ ՌԴ:
Օրեր առաջ Ռուսաստանի Սարատովի մարզի բնակչուհի Սվետլանա Ուխանովան իր երկու երեխաների և քաղաքացիական ամուսնու հետ ձերբակալվել էր Թուրքիայում՝ Սիրիա անցնելու անօրինական փորձի համար։
Ձերբակալվածների հարազատները փնտրում էին նրանց ավելի քան մեկ ամիս: Որոնողական աշխատանքների նախաձեռնողը եղել է Սվետլանայի նախկին ամուսինը՝ Սերգեյ Ուխանովը: Սվետլանան իր հետ Թուրքիա էր տարել նրանց ընդհանուր երեխային:
Հայտնի է, որ հունիսին Սվետլանան իր քաղաքացիական ամուսնու և երկու երեխաների հետ մեկնել է հանգստի՝ Անկարա, որտեղ բնակվում է նրա քույրը: Սակայն ժամանել են նրանք ոչ թե Անկարա, այլ Ստամբուլ, ինչից հետո նրանց հետ կապը կորել է:
Ազգականների հավաստմամբ՝ Սվետլանան վերջին շրջանում շատ է փոխվել. ընդունել է իսլամ, տարվել է կրոնի ծայրահեղական հոսանքներով, ինչն էլ հանգեցրել է ամուսնու հետ հարաբերությունների խզմանը: