Հայտնի է դարձել Շվեյցարիայում բենզասղոցով մարդկանց վրա հարձակված անձի ինքնությունը (լուսանկար)
Շվեյցարիայում բենզասղոցով մարդկանց վրա հարձակված անձը, ինչպես պարզել են իրավապահ մարմինները, 51-ամյա Ֆրանկ Վրուզիսն է, որ վերջին շրջանում բնակվում էր շրջակա անտառներից մեկում, այս մասին հայտնում է Blick պարբերականը։
Հայտնի է, որ տղամարդը չունի մշտական բնակության վայր և որոշ ժամանակ առաջ ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածք է ստացել։ Վկաներից մեկի խոսքով 51-ամյա շվեյցարացին հանգստություն էր փնտրում և պատրաստվում էր բարձրանալ լեռները։
Հայտնի է նաև, որ վերջինս հանդիսացել է CSS Assurance ապահովագրական ընկերության հաճախորդներից։
Հետախուզման մեջ գտնվող տղամարդը տառապում է հոգեկան խնդիրներով, իրավապահ մարմինները զգուշացրել են, որ նա վտանգավոր է և ագրեսիվ։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Շվեյցարիայի հյուսիսում Շաֆհաուզեն քաղաքում անհայտ անձը բենզասղոցով հարձակվել է մարդկանց վրա: Վիրավորվել է առնվազն հինգ մարդ, նրանցից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ: Բենզասղոցով տղամարդը հարձակվել է հին քաղաքում անցորդների վրա, դեպքից հետո նրան հաջողվել է փախչել։