Կոլեկցիոները 150 հազար եվրոյով գնել է շվեյցարացու մեջքի դաջվածքը
Արվեստի գործերի կոլեկցիոները գնել է Շվեյցարիայի բնակիչ Թիմ Շտայների մեջքի դաջվածքը, որի պատկերը ստեղծել է բելգիացի նկարիչ Վիմ Դելվուան: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը 150 հազար եվրո է վճարել արվեստի գործի համար: Շտայների մահից հետո նրա մեջքի մաշկը կհանվի, կմշակվի հատուկ լուծույթով և կտեղադրվի շրջանակի մեջ:
«Արվեստի աշխարհն ապրում է կոմերցիայի հաշվին, ամեն ինչ գնվում և վաճառվում է: Այսպես է աշխատում ամբողջ աշխարհի արվեստի շուկան, և մենք որոշել ենք աբսուրդի հասցնել դա: Սա ստեղծված պրակտիկայի քննադատություն է: Վաճառվում է Թիմը՝ միթե սա անբարոյական չէ: Մարդիկ մտածում են, որ մենք անցել ենք թույլատրվածի սահմանները, սակայն մեր նախագիծը այս ժամանակների ինքնատիպ փոխաբերություն է, երբ վաճառվում է համարյա ամեն ինչ», - պարզաբանել է նկարիչը:
Դելվուայի խոսքով՝ շվեյցարացու մեջքի վրա տեղ գտած նկարը վաճառվել է փորձառու իրավաբանների օգնությամբ, որոնք պարզել են՝ արդյոք գործարքը կդառնա օրգանների, թե արվեստի գործի վաճառք:
Նկարիչն ավելացրել է, որ այս պատմությունը լայն տարածում է գտել, և այժմ շվեյցարացին որպես կենդանի նմուշ մասնակցում է աշխարհի տարբեր երկրներում անցկացվող ցուցահանդեսների:
Նեոկոնցեպտուալ ժանրի ներկայացուցիչ Վիմ Դելվուան ստեղծագործում է առօրյայի թեմաներով՝ միավորելով տարբեր կոնտեքստների տարրեր, ինչի շնորհիվ առանձին օբյեկտներ կորցնում են իրենց սովորական տեսքը և նշանակությունը: