Ամենաշատ աշխատանքները մերժվել են գրականությունից. ԲՈՀ ներկայացվել է 260 աշխատանք, որից 21-ը չի հաստատվել կամ վերանայվելու է
Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այս տարվա յոթ ամիսների ընթացքում 260 աշխատանք է ստացել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը:
«2017 թվականի հունվարի մեկից մինչև հուլիսը ներառյալ ԲՈՀ-ին ներկայացվել 230 աշխատանք, որոնցից 130-ը ներկայացրել են առկա համակարգում սովորող ասպիրանտները: 260 աշխատանքից չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների թիվը հասնում է 21-ի»,-ասաց Արզումանյանը:
Հարցին, թե 130 աշխատանք ներկայացնող ասպիրանտներից մեծամասնությունը տղաներ են, թե աղջիկներ, Լիլիթ Արզումանյանն ասաց, որ հասկանալի պատճառներով մեծամասնությունը տղաներ են.« Այստեղ մրցակցություն կա և տղաներից ոմանք նաև բանակից ազատվելու հարց են լուծում»:
Թե ինչ թեմաներով աշխատանքներ չեն հաստատվել, Լիլիթ Արզումանյանը չհրապարակեց, սակայն հայտնեց, որ 2017թ. ՀՀ ԲՈՀ-ում չեն հաստատվել կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման են վերադարձվել 21 աշխատանք, որից հինգը դոկտորական:
Նրա խոսքով՝ ամենաշատը չի հաստատվել կամ վերանայման է ներկայացվել աշխատանքներ գրականությունից՝ վեց աշխատանք, որից մեկը ԵՊՀ-ից, իսկ հինգը՝ Գիտությունների ազգային ակադեմիայից, այդ թվում մեկը դոկտորական:
«ԵՊՀ-ի տնտեսագիտություն բաժնից հետ է վերադարձվել 3 աշխատանք, նույն քանակով՝ մանկավարժությունից աշխատանքներ էլ վերադարձվել կամ չեն հաստատվել Մանկավարժական համալսարանից, որից մեկը դոկտորական: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից չի հաստատվել կամ վերանայման է ներկայացվել պատմաբանների 2 աշխատանք, որից մեկը դոկտորական: Մեկ աշխատանք չի հաստատվել կամ ետ է վերադարձվել ԵՊՀ-ի մանկավարժություն բաժնից, մեկ աշխատանք էլ՝ Բժշկական համալսարանից: Սլավոնական համալսարանի իրավաբանություն բաժնից, Մանկավարժական համալսարանի հոգեբանություն բաժնից, Ագրարային համալսարանի գյուղատնտեսություն բաժնից վերանայման է ուղարկվել կամ չի հասատատվել մեկական աշխատանք, մեկական դոկտորական աշխատանք էլ չի հաստատվել կամ վերանայման է ներկայացվել ԵՊՀ-ի և ՀԱՊՀ-ի ֆիզմաթ բաժիններից»,-ասաց Արզումանյանը:
Թե միջինը տարեկան որքան է կազմում ներկայացվող աշխատանքների քանակը, Արզումանյանն ասաց, որ տարեվերջին այդ թիվը գերազանցումէ 400-ը: