«Ելքը» ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց չի նախաձեռնել, առաջարկն ուղղված է եղել իշխանություններին. պատգամավորներ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն անտեղի շահարկում է համարում պնդումը, թե «Ելք» խմբակցությունում տարակարծիք են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսե՞լ, թե ոչ:
Tert.am-ի հետ զրույցում Լենա Նազարյանը նշեց, որ ինչպես «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, այնպես էլ Արամ Զ. Սարգսյանն ընդամենը գնահատական են հնչեցրել, իսկ նման գործընթաց սկսելու առաջարկն ուղված է եղել իշխանություններին:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, թե Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի՝ հիմք ընդունելով ՌԴ Պետդումայի ընդունած նոր օրինագիծը, որի համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում:
«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը ևս կիսել էր Մարուքյանի կարծիքը, որ անհրաժեշտ է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել: Իսկ դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նշել էր, որ թեև դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնության մտադրության մասին, որին ինքը համակարծիք է, բայց դաշինքում բոլորը չեն այդ մտքի հետ համաձայն, և չկա ընդհանուր որոշում: Նշենք, որ միայն դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հստակ տեսակետ չէին հայտնել այս հարցի առնչությամբ:
«Սխալ են հասկացել, որովհետև մեր գործընկերներ Արամ Սարգսյանը և Մարուքյանը հայտնել են իրենց կարծիքը՝ հետևություն անելով ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խախտման վերաբերյալ ՌԴ ընդունած օրենքից: Բայց բացարձակ ոչ ոք չի խոսել «Ելքի» կողմից արվող նախաձեռնության կամ որոշման մասին: Մեր գործընկերներն ընդամենը կարծիք են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դա ընդամենը առաջարկ էր՝ ընդ որում՝ ուղղված իշխանություններին՝ իրավիճակին գնահատական տալով»,-ասաց Նազարյանը:
Ըստ պատգամավորի՝ հնչել է տրամաբանական հարցադրում, որ եթե լինելով միության անդամ՝ մեր քաղաքացիների շահերը և իրավունքները չեն պահպանվում, մենք ի՞նչ գործ ունենք այդ միությունում: Հարցին, թե խմբակցությունում բոլո՞րն են արդյոք կիսում այդ կարծիքը, Լենա Նազարյանը պատասխանեց, որ իհարկե այո:
Ի դեպ, նա մեջբերեց «Ելքի» նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթը, ըստ որի՝ դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում ՀՀ-ի ինքնիշխանության, անվտանգության , տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար:
«Սա միասնական կարծիքն է, որն ամրագրված է նախընտրական ծրագրում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ եթե հասկանալի պատճառներով իշխանությունը նման քայլի չի գնա, ինչու անձամբ «Ելքը» չի նախաձեռնում նման գործընթաց, հատկապես որ նախընտրական ծրագրում ամրագրված է, պատգամավորը նշեց, որ այս հարցը դեռ չեն քննարկել: «Նման քննարկում չենք ունեցել, և որոշում այդ հարցի առնչությամբ չկա»,-ասաց նա:
Իսկ թե չեն էլ բացառո՞ւմ առաջիկայում նման նախաձեռնությամբ միասնական հանդես գալու հնարավորությունը Նազարյանն ասաց, որ եթե «Ելք» խմբակցության պատգամավորներից որևէ մեկը նման հարցի քննարկման անհրաժեշտություն դնի, բնականաբար կքննարկվի:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում նույն հարցի առնչությամբ նշեց, որ նոր բան չի կարող ասել: «Եկեք այն, ինչ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյան ասել են, դրանով սահմանափակվենք այս պահին, նոր բան կլինի՝ կավելացնենք»,-ասաց նա:
Հարցին, թե այդուհանդերձ հնարավո՞ր է, որ նման նախաձեռնությամբ հանդես գան, Զեյնալյանը նշեց, թե նոր բան այս թեմայով չեն ասում: