Բակո Սահակյանն առայժմ անցումային շրջանի ԱՀ նախագահի միակ թեկնածուն է. առաջադրումները ավարտվում են վաղը
Վաղը՝ հուլիսի 12-ին, պաշտոնապես ավարտվում է Լեռնային Ղարաբաղի անցումային շրջանի նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը: Առայժմ ներկայացված է միայն գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ղարաբաղի խորհրդարանական 5 ուժերից 3-ը՝ «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները որոշել են անցումային փուլի նախագահի թեկնածու առաջադրել կրկին Բակո Սահակյանին:
Tert.am-ի հետ զրույցում ԼՂ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը հաստատեց, որ դեռևս առաջադրված է միայն գործող նախագահի թեկնածությունը, բայց մեկ օր ժամանակ կա այլ թեկնածուներ առաջադրելու համար:
«Առայժմ 3 կուսակցություններ են առաջադրել թեկնածու, այս պահին, որքանով տեղյակ եմ՝ «Վերածնունդ» և «Շարժում-88» ուժերը թեկնածու չեն առաջադրել, բայց դեռ ժամանակ կա»,- ասաց Վ. Բալայանը:
Հիշեցնենք, որ շուտով ԼՂ խորհրդարանն ընտրելու է անցումային շրջանի նախագահին: Փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Ղարաբաղում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրությամբ՝ առաջիկա 3 տարիներին՝ մինչև 2020 թ.-ը Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:
Tert.am-ի հետ զրույցում ԼՂ ԱԺ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանն ասաց, որ որոշում կայացրել են, բայց այդ մասին կտեղեկացնեն հայտարարությամբ: Նա չմանրամասնեց՝ պաշտպանելու են Բակո Սահակյանի թեկնածությո՞ւնը, թե առաջադրելու են նոր թեկնածու՝ հորդորելով հետևել տարածվող հայտարարությանը: