Ճապոնական բենդն ապշեցրել է երկրպագուներին 8 վայրկյան տևած համերգով (տեսանյութ)
Ճապոնական Golden Bomber երաժշտական խումբը վերջերս երկրպագուներին արտառոց անակնկալ է մատուցել` ներկայացնելով երբևէ տեղի ունեցած ամենատարօրինակ համերգը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, համերգն ընդամենը 8 վայրկյան է տևել, որի ընթացքում երգիչները ներկայացրել են իրենց նոր սինգլը, որը ևս 8 վայրկյան տևողություն ունի և կոչվում է «8 վայրկյանանոց հանդիպում»:
Ինչպես նշվում է, խմբի երկրպագուները հունիսի 29-ին համերգից 6 ժամ առաջ ժամանել են մայրաքաղաք Տոկիոյի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ պետք է կայանար երկար սպասված ներկայացումը: Երկրպագուներն անհամբեր են եղել և շուտ են ժամանել, որպեսզի տեղ գտնեն բեմի մոտակայքում:
Համերգի սկսվելուն պես կատարողները բեմ են բարձրացել, արագ վերցրել իրենց գործիքներն ու ներկայացրել իրենց 8 վայրկյանանոց երգը և դուրս վազել սրահից` երկրպագուների բղավոցների ներքո: