«Վոլտերմեն» խելացի դրամապանակներից բացի նախատեսվում է ստեղծել նույնքան խելացի ուսապարկեր, ճամպրուկներ. Գևորգ Պողոսյան
Հայկական արտադրության «Վոլտերմեն» դրամապանակը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային շուկայում: Tert.am-ի հետ զրույցում նախագծի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը պատմեց, որ արդեն իսկ մեծ թվով պատվերներ են ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու եվրոպական երկրներից:
«Վոլտերմեն»ը «խելացի դրամապանակ» է, որ նախատեսված է ոչ միայն գումարն ու բանկային քարտերը պահելու, այլև մի շարք գործառույթներ իրականացնելու համար: Այս դրամապանակի միջոցով հնարավոր է լիցքավորել հեռախոսի մարտկոցը, միանալ ինտերնետին աշխարհի ցանկացած վայրում, գտնել կորցրած հեռախոսը՝ GPS-ի միջոցով, ավելին՝ դրամապանակը կհիշեցնի հատուկ ազդանշանի միջոցով, որ բջջայինը կորել է:
«Բացի այդ, դրամապանակն ունի ևս մեկ ֆունկցիա. դրամապանակի մեջ կա միկրոտեսախցիկ, որն ակտիվանում է, երբ դուք այն կորցրել եք: Տեսախցիկը ֆիքսում է դրամապանակը առաջինը բացողի դեմքը և ուղարկում ձեր հեռախոսին: Այսինքն՝ դուք կարող եք տեսնել նրան, ով առաջինը գտել է կամ գողացել ձեր դրամապանակը»,- ասաց Պողոսյանը:
Թեև, նրա խոսքով, Հայաստանը հատուկ չի թիրախավորվել որպես շուկա, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ, ԱՄՆ-ից հետո Հայաստանը 2-րդն է ձեռքբերման ծավալներով:
Դրամապանակը դեռևս վաճառվում է օնլայն հարթակում՝ պատվերի միջոցով, բայց շուտով կդրվի ազատ շրջանառության:
«Նրանք, ովքեր առաջիկա մեկ ամսում կպատվիրեն դրամապանակը, կստանան այն ամանորյա տոներին: Իսկ ովքեր չեն հասցնի, կստանան այն հաջորդ տարի կամ կարող են սպասել, երբ հաջորդ տարի հայտարարվի ազատ վաճառք»,- ասաց Գ. Պողոսյանը:
«Վոլտերմեն» երկփեղկ դրամապանակն այս պահին արժե 135 ԱՄՆ դոլար, իսկ ճամփորդական մեծ դրամապանակը, որտեղ կարելի է տեղադրել նաև անձնագիրը, ինքնաթիռի տոմսերը, արժե 157 ԱՄՆ դոլար:
Գևորգ Պողոսյանը հայտնեց նաև, որ առաջիկայում նախատեսում են արտադրել «խելացի» կանացի դրամապանակներ, ուսապարկեր, ճամպրուկներ:
«Համագործակցություն ենք ուզում սկսել միջազգային բրենդերի հետ, որպեսզի իրենց դիզայնով պատրաստված արտադրանքի մեջ «Վոլտերմեն»-ի լուծումները տեղադրեն»,- նշեց Պողոսյանը: