500 մլն խմ ջուրը կուղղվի էներգետիկային, իսկ Սևանա լիճի մակարդակը 3 տարում մոտ 50 սմ-ով կիջնի. Գագիկ Սուխուդյան
Ո՞ւր էր կառավարությունը, երբ Արարատյան դաշտավայրի արտեզյան ստորգետնյա ջրային պաշարն օգտագործում էին ձկնարտադրության համար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում այսպիսի հարցադրում է արել «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը՝ անդրադառնալով Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշմանը:
Նրա խոսքով՝ ջրի հանդեպ վերաբերմունքն անհրաժեշտ է վերանայել: «Չե՞ք հիշում, որ 78 թ. Սևանը մահից ազատվեց, ամբողջ Սևանը ծաղկած էր: Գավառագետի ջուրը խմելուց 4 անասուն էր սատկել: 84-85 թթ. սատկած ձկները լցվել էին Մեծ Սևան: Նորի՞ց ենք ուզում վերականգնել այդ պատկերը: Չգիտեմ ինչ հրաշքով այն ժամանակ փրկվեց Սևանը»,-ասել է Գագիկ Սուխուդյանը:
Նրա պարզաբանմամբ՝ Սևանա լճի բարձրացումը եղանակի շնորհիվ է: Արփա-Սևան ջրատար 250 միլիոն խմ ջուր տեղափոխելու հնարավորություն ունի, բայց վերանորոգումը ձգձգվում է:
««Արփա»-ի ջուրը, որ պիտի գար Սևան, գնում է Նախիջևան, որովհետև այնտեղ ջրամբարով ջուրը լավ էլ օգտագործում են: Մեկ միլիարդ 200 միլիոնանոց ջրամբար կա Իրանի և Նախիջևանի սահմանին, այդ 250 մլն-ը գնում լցվում է այդ ջրամբարը»,-տեղեկացրել է «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակը:
Անդրադառնալով կառավարության բերած պատճառաբանություններից մեկին, ըստ որի՝ լճի ափամերձ տարածքում 4000-ից ավելի շինություններ կան, որոնք ջրի բարձրացման հետևանքով մնում են ջրի տակ՝ Գագիկ Սուխուդյանն ասել է. «Սևանում հանգստանալու համար պարտադիր չէ տունդ այնտեղ կառուցես: Այդ կապիտալ ներդրումներ անողները վտանգել են իրենց միջոցները: Դա չտեսություն է, որ անպայման Սևանի ափին լինի քո ննջարանի դուռը կամ պատուհանը, որ կարողանաս ամիս, ամիսուկես հանգստանաս»:
Ըստ «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակի՝ ճիշտը հին ճանապարհի վրայի կառույցներն են: Երեք կառույց կա այնտեղ:
«Եթե այսօր չենք մտածում ջրի մակարդակը լրիվ բարձրացնելու մասին, երկաթգիծ կա, ավտոճանապարհ կա, կոմունիկացիաներ կան, բայց կգա սերունդ, մի խելամիտ, ռիսկով, հայրենասեր սերունդ, կասի՝ եկեք վերականգնենք լճի մակարդակը, այդ թվարկածները խոչընդոտ են Սևանը բարձրացնելու համար»,-ասել է Սուխուդյանը:
Նա կարծիք է հայտնել, որ 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու դեպքում էլեկտրաէներգիա արտադրողների հզորություններն 80 տոկոսով ավելանում է՝ մոտ 100 մլն կվ:
«Էներգետիկներին, իհարկե, ձեռնտու է, օտարերկրացիներ են, նրանց այնքան էլ չի հետաքրքրում մեր Սևանի բախտը: Մենք դեռ պարտքեր ունենք Սևանի առաջ: 18.5 մետր իջեցրել ենք, հետո ինչ է թե 3 մ բարձրացրել ենք, ասում ենք՝ չէ, շատ է բարձրացել»,- նշել է «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակը:
Նրա խոսքով՝ այստեղ ավելի վտանգավոր բան կա՝ ասվեց և արդեն շրջանառվում է կառավարությունում այն, որ 1 մլրդ խմ ջուր ավել է կուտակել Սևանը: Վարչապետի կողմից գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարական է տրվել՝ առաջարկություններ ներկայացնել, թե ինչպես կարելի է օգտագործել այդ ջուրը:
«Ինչպես կարելի է Սևանի ջուրն օգտագործել. միայն թողնելով ԳԷՍ-երին: Ուրիշ եղանակ չկա: 1 մլրդ-ը բաժանեք 3 տարվա, ստացվում է 330 մլն: 2001 թ. օրենքով թույլատրված 170 մլն-ի հետ այդ 330 մլն-ն անում է 500 մլն: Այդքանն ընդհանրապես պետք չէ ոռոգման համար: Այստեղ բացվում է նպատակը՝ էներգետիկան: 500 մլն խմ ջուրը կխեղդի Արարատյան դաշտը: Այսինքն՝ էներգետիկան կվերցնի 500 մլն-ը, իսկ լիճի մակարդակը երեք տարում մոտավորապես 50 սմ-ով կիջնի»,- եզրահանգման է եկել Գագիկ Սուխուդյանը: