Գերմանական ոստիկանությունը ջրցաններով ցրել է G20-ին դեմ մարդկանց ցույցերը (տեսանյութեր)
Գերմանական ոստիկանությունը ջրցաններ է կիրառել Համբուրգում անցկացվելիք G20 գագաթնաժողովի հակառակորդների գիշերային ցույցերը ցրելու համար: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հրապարակելով տեղի ունեցածի տեսանյութերը:
Նշվում է, որ Համբուրգի Ալտոնա թաղամասում անցկացված ցույցին մասնակցել է ծայրահեղական ձախակողմյան կազմակերպությունների մոտ 500 երիտասարդ ակտիվիստ:
«Սա ցույց չէ, այլ վայրի ճամբարային հավաք համբուրգյան այգում», - ասել է ոստիկանության մամուլի ծառայության խոսնակը:
Գերմանական ոստիկանության տվյալների համաձայն՝ այժմ Համբուրգում գտնվում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք մտադիր են գագաթնաժողովի նախաշեմին և դրա ընթացքում լայնածավալ բողոքի ցույցեր անցկացնել: Իրավապահ մարմինների աշխատակիցների գնահատականներով՝ նրանցից մոտ ութ հազարն ագրեսիվ է տրամադրված և պատրաստ է բռնի գործողությունների դիմել: Նրանց դիմակայելու նպատակով քաղաք է տեղափոխվել մոտ 20 հազար ոստիկան:
Համբուրգի ոստիկանության մամուլի խոսնակի համաձայն՝ ցուցարարներն այգում տեղադրել են 36 վրան, որոնցում պլանավորել են գիշեր անցկացնել, սակայն ոստիկանները հավաքել են դրանք: Ներկա պահին այգում մնացել է ցուցարարների մի քանի փոքր խումբ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու համար ոստիկաններից բացի ներգրավվել է նաև բանակը: Գերմանիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ ցուցարարները կարող են անօդաչուներ օգտագործել՝ այս կերպ հետևելով թիկնապահների տեղաշարժին ու խանգարելով համաշխարհային առաջնորդների հանդիպմանը: Սրանից խուսափելու նպատակով հանդիպման վայրում ռազմական ռադար կտեղակայվի։
Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովն այս տարի կանցկացվի հուլիսի 7-8-ը՝ գերմանական Համբուրգ քաղաքում:
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ: