Երևանում հուլիսի 4-12-ը կանցկացվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը. գալա-համերգին հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մ. Վենգերովը (տեսանյութ)
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում հուլիսի 4-12-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը:
Այն անցկացվում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Արմենիա» միջազգային առաջին փառատոնի ընթացքում համերգներով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ փառատոնը մեկնարկելու է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթով: Փառատոնի երկրորդ օրը՝ հուլիսի 5-ին Պետական երիտասարդական նվագախումբը թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ միասին մեկ բեմում կլինի:
Փառատոնային 9 համերգների ընթացքում ելույթ կունենան հանրահայտ դաշնակահարներ Նարե Արղամանյանն ու Ֆյոդոր Ռուդինը, ջութակահար Ռոման Կիմը և այլք: Փառատոնի գալա համերգին՝ հուլիսի 12-ին, հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, որի մասնակցությունը, ըստ կազմակերպիչների, ինքնին մեծ հաջողություն է:
«Մենք շատ ունենք լավ փառատոններ, բայց այս փառատոնը տարբերվում է նրանով, որ ներկայացնում ենք փայլուն արտիստների: Ամեն օր ունենք համերգներ, և այս փառատոնը միավորում է լավագույն կոլեկտիվներին: Սա եզակի դեպքերից է, երբ դասական երաժշտությունը համախմբում է Հայաստանում գործող լավագույն կոլեկտիվներին և աշխարհահռչակ մենակատարների»,- նշեց Սմբատյանը:
Մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանան մինչեւ 34 տարեկան դաշնակահարներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 եվրո է (առաջին մրցանակ՝ 10 000 եվրո, երկրորդ մրցանակ՝ 5 000 եվրո, երրորդ մրցանակ՝ 3 000 եվրո և հատուկ մրցանակ՝ 2 000 եվրո):
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի 5 երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ ժյուրիի նախագահը հայտնի դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանն է:
«Մրցույթը բաղկացած է երկու փուլերից: Կա 48 մասնակից՝ 16 երկրից: Տարիքային սահամանափակում կա դրված, բայց մասնակիցների թվում նույնիսկ կա 13 տարեկան դաշնակահար»,- հայտնեց Բաբախանյանը: