Համանախագահ երկրները նախ պետք է ապահովեն բանակցությունների համար դրական միջավայր. Է. Շարմազանով
Համանախագահ երկրները նախ պետք է ապահովեն բանակցությունների համար դրական միջավայր, մինչ այս պահը Ադրբեջանը ցույց չի տվել որևէ քայլով, որ պատրաստ է բանակցությունների հարցում առաջընթացի։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունի։
«Դրական միջավայր կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը դադարի, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի և ի վերջո իրականացնի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ պայմանագրին՝ Շարմազանովը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ մուտքով չի փակել համագործակցության ճանապարհը դեպի ԵՄ, և դա ասվել է նաև ՀՀ նախագահ Սարգսյանի կողմից ՌԴ նախագահ Պուտինի ներկայությամբ։
«Այսօր մենք ունենք նախաստորագրված համաձայնագիր, և չեմ տեսնում խոչընդոտներ, որ գոնե հայկական կողմից այն չստորագրվի», - եզրափակեց ԱԺ փոխնախագահը։