Հնարավոր է՝ «Եհովայի վկաների» վարչական մարմինը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվի Հայաստան. Ալեքսանդր Ամարյան
Նախնական տվյալներով՝ մոտակա մեկ-երկու ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաների» կոնգրեսը: Հնարավոր է, որ որոշվի նրանց վարչական մարմինը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Հայաստան, և ՀՀ-ից սկսեն ղեկավարել ԱՊՀ տարածքում իրենց գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մի քանի ամիս առաջ Ռուսաստանի Դաշնությունը դատարանի միջոցով արգելեց «Եհովայի վկաների» գոյությունը երկրի տարածքում: Հաշվի առնելով այն, որ այնտեղ առկա են մեծ քանակությամբ անդամներ և կառավարական բազան գտնվում է հենց Ռուսաստանում, այժմ խնդիր է առաջացել, թե որտեղ է տեղափոխելու «Եհովայի վկաների» կառավարական բազան:
«Բոլոր տեղերում նրանց այնպես չեն ընդունում, ինչպես մեզ մոտ: Հայաստանում իրենք իրենց զգում են ազատ, անկաշկանդ, անում են այն, ինչ ուզում են՝ արդեն խախտելով խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքը»,- նշեց Ամարյանը:
Հայաստանում կրոնական կազմակերպություններին արգելված է զբաղվել քարոզչությամբ, բայց շատ հանրային վայրերում տարածվում է «Եհովայի վկաների» գրականությունը: Ամարյանի հայտնեց, որ նրանք քարոզչություն են իրականացնում Կոմիտասի, Արշակունյաց, Տիգրան Մեծի փողոցներում, Օպերայի հրապարակում և այլ վայրերում:
«Հանդիպում է, որ դպրոցների, պետական հիմնարկների մոտ են քարոզչություն անում: Օրինակ՝ Գարեգին Նժդեհի փողոցում դատարանի առջև են կանգնում, այսինքն՝ այն տեղերում, որտեղ մարդիկ ճգնաժամային վիճակում են: Մարդկանց սթրեսային վիճակում շատ հեշտ է հոգեորսություն անելը»,- ընդգծեց նա:
Ընդ որում՝ բաժանվում է այն գրականությունը, որը Ռուսաստանում արգելված է որպես էքստրեմիստական գրականություն: Նույն այդ գրականությունը Հայաստանում ազատ տարածվում է:
Հայաստանում կրոնական կազմակերպությունների վերահսկողության համար կառավարությանը կից գործում է Կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ՊՈԱԿ-ը, որի կազմում առավելագույնը 4-5 հոգի է աշխատում: Ամարյանը համոզված է, որ այդ 4-5-ը չեն կարող հսկողություն անել մոտ 65 գրանցված և 200-ից ավելի չգրանցված կրոնական կազմակերպություններում:
«Առաջին հերթին պետությունը պետք է ընդունի նոր օրենքը: Կրոնական կառույցների մասին այն օրենքը, որ այժմ գործում է, չաշխատող է: Այս օրենքով միայն կարող են չգրանցել, չկա հսկողություն, չկա լուծարման պրոցես: Եթե կատարվում է խախտում, չկա մեխանիզմը, թե ինչ պետք է անի ոստիկանությունը»,- ասաց Ամարյանը:
Նրա խոսքով՝ շատ դեպքերում ՀՀ պաշտոնյաները կաշառվում են և համապատասխան օրենքներ չեն ընդունվում, կամ էլ իրենց տեղում չեն գտնվում և անփութության հետևանքով պետությանը վնաս են հասցնում:
Հայաստանում գրանցված կրոնական կառույցներից 14-ը ավանդական եկեղեցիներն են, մնացած 51-ն աղանդավորական կառույցներ են: 200-250 հազար մարդ անդամակցում է քայքայիչ աղանդների, 100 հազարը՝ ավանդական եկեղեցիներին: