Իմ պաշտպաններն առանց իմ ներկայության իրավունք չունեն ներկայանալ դատական նիստերին. Ժիրայր Սեֆիլյան
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստից բացակայում են ամբաստանյալներն ու մեծամասնության պաշտպանները:
Ամբաստանյալները ենթարկվել են դատական սանկցիայի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:
Նիստը մեկ ժամով ընդմիջվել էր, ինչից հետո դատարանը հրապարակեց փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը. «Փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա` պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով ՀՀ փաստաբանների պալատին»:
Դատարանը նաև արձանագրել էր, որ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանը նախազգուշացնելուց հետո կրկին դատարանի գալու պահին ոտքի չէր կանգնել, ինչի համար նա ևս ենթարկվեց դատական սանկցիայի. «Սասունիկ Կիրակոսյանը ոտքի չի կանգնել, խախտել է դատական նիստի կարգը: Նկատի ունենալով, որ սույն դատական նիստում կիրառվել էր նախազգուշացման ձևով դատական սանկցիա՝ այժմ Սասունիկ Կիրակոսյանը ենթարկվում է դատական սանկցիայի և 10 ժամով հեռացվում է դատական նիստերի դահլիճից»:
Այնուհետև դատարանում մեկնարկեց պաշտպանների ներգրավման գործողությունը, ինչի համար նիստերի դահլիճ բերվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանը, ով դատարանին հայտնեց, որ իր շահերի պաշտպանությունը կիրականացնի Գեորգի Մելիքյանը: Վերջինս ներգրավվեց որպես Հրայր Թոփչյանի պաշտպան:
Պաշտպանի ներգրավման համար դատական նիստերի դահլիճ հրավիրված Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իր պաշտպանությունն իրականացնելու են Տիգրան Հայրապետյանն ու Արա Զաքարյանը:
Դատավորը հայտնեց, որ Տիգրան Հայրապետյանը 3 դատական նիստից բացակայել է. «Դատարանը ձեզ առաջարկում է կամ այլ պաշտպան, իսկ եթե հրաժարվեք, դատարանն իր նախաձեռնությամբ կնշանակի պաշտպան»:
Սեֆիլյանը պնդեց, որ ինքն իր պաշտպաններից չի հրաժարվում. «Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում: Ինչ վերաբերում է նրանց բացակայությանը, ապա նրանք առանց իմ ներկայության իրավունք չունեն ներկայանալ դատական նիստերին»:
Նիստերի դահլիճ հրավիրված Գևորգ Սաֆարյանը հայտնեց, որ իր պաշտպանությունն իրականացնելու է փաստաբան Տիգրան Եգորյանը: Նույնը վերաբերում էր Տիգրան Եգորյանին: Դատավորը հայտնեց, որ արդեն 4-րդ դատական նիստն է, ինչ փաստաբանը չի ներկայանում, հետևաբար դատարանն առաջարկում է այլ պաշտպան։ Իսկ եթե նա հրաժարվի, դատարանն իր նախաձեռնությամբ կնշանակի պաշտպան:
«Ես լիազորում եմ Տիգրան Եգորյանին և չեմ լիազորում իմ բացակայության ժամանակ հանդես գալ: Երբ ես բացակայում եմ, Տիգրան Եգորյանն իմ անունից հանդես գալու իրավունք չունի»,-ասաց Սաֆարյանը:
Նրանից հետո նիստերի դահլիճ բերվեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանը, ով հայտնեց, որ իր շահերը պաշտպանելու են Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը:
Դատարանը պարզաբանեց, որ Արայիկ Պապիկյանն արդեն չորրորդ նիստն է՝ բացակայում է։ «Արայիկ Պապիկյանը չորրորդ նիստն է, ինչ բացակայում է, իսկ որպեսզի Ձեր շահերի պաշտպան ներգրավվի Նինա Կարապետյանցը, նիստն ընդմիջվում է 1 ժամով՝ նրա ներկայությունն ապահովելու համար»,-ասաց նիստը նախագահող դատավոր Տաթև Գրիգորյանն ու հեռացավ:
Բարձրախոսով Ներսես Պողոսյանը հայտնեց, որ իր շահերի պաշտպանությունն իրականացնելու է նաև Արայիկ Պապիկյանը, սակայն ուղեկցող գումարտակը նրան տարավ, իսկ դատավորն ուշադրություն չդարձրեց:
Նախքան դատարանի կողմից 4-րդ դատական սանկցիայի կիրառումը, Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի նպատակն է իրեն հեռացնել գործի վարույթից:
«Ես չեմ լքել նիստերի դահլիճը, ես կատարեցի իմ պաշտպանյալի պահանջը: Բացի այդ, դատարանի ընթացիկ որոշումների վերաբերյալ մենք չենք կարողանում, մեզ հնարավորություն չի տրվում մեր դիրքորոշումը հայտնել, իսկ նման պայմաններում մեր պաշտպանությունը կրում է պատրանքային բնույթ»,-ասաց նա։