Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն այսօր պատրիարքի ընտրության հարցերով զբաղվող հատուկ խումբ կկազմի
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն այսօր հատուկ ժողով կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող հատուկ խմբի անդամների նշանակման հարցը, հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։
Հայտնի է, որ պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող խմբի անդամների թիվը կտատանվի 15-ից 21-ի միջև։ Խմբում ընդգրկված կլինի նաև 2 հոգևորական։
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։