Ադրբեջանա-բելառուսական համագործակցությունը չի համընկնում Հայաստանի և Ռուսաստանի շահերին. Արմեն Բադալյան
Ադրբեջանի և Բելառուսի համագործակցությունը ոչ միայն տնտեսական է, այլև՝ քաղաքական. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Բելառուսի և Ադրբեջանի միջև միմյանց հետ համագործակցելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Արմեն Բադալյանն ասաց, որ ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում երկու պետությունների կայացրած որոշումից զարմանալ պետք չէ, որովհետև Բելառուսն ու Ադրբեջանը նոր չէ, որ սկսել են համագործակցել:
«Եթե հիշում եք, Բելառուսի նախագահը Իլհամ Ալիևի կողմից մեդալով պարգևատրվեց, ու այդ ժամանակ Լուկաշենկոն խոստացավ արդարացնել այդ պարգևատրումը, ինչին ականատես ենք լինում»,- ասաց Ա. Բադալյանը:
Բելառուսի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցության պատճառը, ըստ քաղաքագետի, տնտեսական խորը կապերն են: Նա հիշեցրեց, որ Բելառուսը բազմիցս օգնել է Ադրբեջանին, Ադրբեջանն էլ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Բելառուսին:
«Անգամ ՀԱՊԿ շրջանակներում, որի անդամ չէ Ադրբեջանը, մենք բազմիցս տեսել ենք այս համագործակցության ազդեցությունը, արդյունքները: Շատ դեպքում այս համագործակցության թաքնված ենթատեքստը Ռուսաստանին չպաշտպանելու քաղաքականությունն է: Բելառուսը, լինելով ՌԴ ազդեցության, ճնշումների տակ, բազմիցս օգնություն է ստացել Ադրբեջանից: Ուստի սա ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական համագործակցություն է»,- նշեց Արմեն Բադալյանը:
Քաղաքագետն ասաց, որ ադրբեջանա-բելառուսական համագործակցությունը պարտադիր չէ, որ որևէ երրորդ երկրի դեմ լինի, բայց կարող է չհամընկնել մի շարք պետությունների շահերի հետ, ինչպիսին Հայաստանն ու Ռուսաստանն են:
Ա. Բադալյանը նաև ասաց, որ չի բացառվում, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հակահայկական գործընթացներ, նախաձեռնություններ սկսի, որին Բելառուսը դառնա աջակից:
«Ադրբեջանը միջազգային ցանկացած հարթակ օգտագործում է և օգտագործելու է Հայաստանի դեմ բանաձևեր ընդունելու համար: Եվ չի բացառվում, շատ հավանական է, որ Բելառուսն այդ բանաձևերին կողմ քվեարկի»,- ավելացրեց Արմեն Բադալյանը: