Չթողնեին, որ դանակը հասներ ոսկորին, շուտ պետք է փորձեին դադարեցնել Ադրբեջանի ԵԽԽՎ-ին անդամակցությունը. Ս. Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը հիմա չէ, այլ շատ վաղուց պետք է նախաձեռներ Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ -ի կողմից պատժամիջոցների հասնելու գործընթացը: Համարում է, որ հիմա էլ ուշ չէ, պայմանով, որ եթե դա, քաղաքագետի ձևակերպմամբ՝ «մեկ ակտով գործողություն» չի լինելու:
«Ադրբեջանը պիտի իմանար, որ չի մարսելու իր արկածախնդրությունը, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների ամենավայրագ խախտումներ թույլ տվեց: Եվ մեր կողմից շատ ավելի լուրջ քննարկման առարկա պետք է դառնար Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, այդ դեպքում, կարծում եմ, ուրիշ զարգացումներ կունենայինք։ Բոլորի կողմից ընկալելի կլիներ, որ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, որովհետև այդ երկիրը ոչ պակաս է խախտել մարդու իրավունքները, քան, օրինակ, Բելառուսը »,- Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի առաջարկով Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի կողմից Ադրբեջանին ներկայացված կոնկրետ հանձնարարականների հետևանքով նրա՝ ԵԽԽՎ-ին անդամակցության հնարավոր դադարեցմանը:
Հիշեցնենք, որ Կոմիտեում Ադրբեջանը նախ կզրկվի ձայնի իրավունքից, եթե 6 ամսվա ընթացքում չկատարի իր առջև դրված հանձնարարականները, ապա այս երկրի առաջ կդրվեն նոր հանձնարարականներ, որոնք էլ չկատարելու պարագայում կդադարեցվի Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին:
Այսինքն՝ ընթացակարգի մեկնարկն արդեն տրված է:
Իսկ ՀՀ ներկայացուցչի համար որպես հիմք դիտվել է Ադրբեջանի կողմից վճիռների կատարման ընթացքը, մասնավորապես, պարզ է դարձել, որ մեկ չափազանց կարևոր գործով Ադրբեջանը շուրջ 3 տարի շարունակ հրաժարվում է կատարել վճիռը:
Ամեն դեպքում, Հայաստանը նման գործընթացներ նախաձեռնելու փորձեր նախկինում ևս արել է, մասնավորապես, նախորդ տարի ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը բարձրացրեց Ադրբեջանի` կառույցին անդամակցության դադարեցման հարցը՝ հայտարարելով, որ 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդին չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը և հավելեց, որ բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի:
Իսկ որքանով է հավանական, որ հայկական պատվիրակության ջանքերն այս առումով հաջողության պսակվեն՝ հաշվի առնելով, որ մերոնք իսկ ասում են, որ ԵԽԽՎ պատգամավորների մի զգալի մաս կաշառված է Ադրբեջանի խավիարային դդիվանագիտության կողմից:
Ստյոպա Սաֆարյանն, ի պատասխան, ասաց, որ ադրբեջանական լոբբին ամենակարող չէ:
«Եվ այս կտրվածքով ողջ Եվրոպային մեղադրել խավիար ուտելու մեջ ճիշտ չէ,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ամեն դեպքում, վերհիշելով Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին, կարող ենք արձանագրել, որ դա եղել է միաժամանակյա, և կա կարծիք, որ երկրներից որևէ մեկի անդամակցության դադարեցում չի կարող լինել:
Այս կարծիքը քաղաքագետը կիսում է՝ ասելով, որ, այո, որոշ կառույցներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդում, շատ դեպքերում երկրների նկատմամբ գերադասում են ավելի թույլ պատժամիջոցներ կիրառել, քան արմատական, տվյալ դեպքում՝ հեռացնել, քանի որ համարում են, որ այդ քայլով տվյալ երկիրն ավելի շատ «կկտրի կապերը»: