Իրանի իշխանությունները Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ յոթ կասկածյալի են կալանավորել
Իրանի իշխանությունները յոթ մարդու են կալանավորել, որոնք կասկածվում են երկրի մայրաքաղաք Թեհրանում այս շաբաթ տեղի ունեցած հարձակումներին ներգրավված ահաբեկիչներին օգնելու մեջ: Այդ մասին հայտնում Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական համակարգի պաշտոնյային:
Ահմադ Ֆազելյանը հայտնել է, որ «ահաբեկիչների թիմին աջակցություն տրամադրելու» մեջ կասկածվող յոթ հոգին ձերբակալվել է Թեհրանից 50 կիլոմետր արևմուտք գտնվող Ֆարդիս քաղաքում:
Ուրբաթ իշխանությունները հայտարարել են Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ 41 կասկածյալի ձերբակալության մասին:
Թեհրանի ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ քաղաքի կենտրոնում հայտնաբերվել է երկու ահաբեկչությունների համար օգտագործված ավտոմեքենան:
«Ահաբեկիչները նախ ավտոմեքենայով գնացել են դամբարան և երկուսին այնտեղ իջեցնելուց հետո գնացել են քաղաքի կենտրոն խորհրդարանի վրա հարձակվելու համար»,- ասված է ոստիկանության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի հարձակում է տեղի ունեցել Իրանի խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին հայտնել էր, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:
Նշենք, որ երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել 3 ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները՝ հինգ հոգի, ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: