«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի մոտ բանկոմատից անհետացած գումարից 2 մլն դրամը չի հայտնաբերվել, դա սուտ է. պաշտպան
«Սասնա ծռերի» գործով կալանավորված Սեդրակ Նազարյանի մոտ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատից անհետացած գումարի 2 մլն դրամը չի հայտնաբերվել: Դա չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, թե ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատից անհետացած 14 մլն դրամից 2 մլն դրամը հայտնաբերվել է Սեդրակ Նազարյանի մոտ:
«Խիստ զարմացած եմ, թե որտեղից նման տեղեկություն, ինչպես կարող էր այն հրապարակել չճշտելով պաշտպաններից կամ գոնե դատավարության որևէ մասնակցից: Սեդրակ Նազարյանի մոտ նման գումար չի հայտնաբերվել, դա իրականությանը չի համապատասխանում, սուտ է»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքով՝ Սեդրակ Նազարյանին առաջադրված մեղադրանքում ևս նման մեղադրանք չկա, հետևաբար ակնհայտ էր, որ 2 մլն դրամ Սեդրակ Նազարյանի մոտ չի հայտնաբերվել:
Հարցին, թե ինչպես է Սեդրակ Նազարյանի առողջական վիճակը, Լուսինե Սահակյանն ասաց, որ նկատի ունենալով, որ ՊՊԾ գնդի դեպքերից հետո թոքերից մեկը հեռացվել է, մեկուսարանում իրեն լավ զգալ չի կարող, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից , 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը կազմակերպված խմբի կողմից, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը կազմակերպված խմբի կողմից, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով: