Բրիտանիայի վարչապետի երկու առանցքային խորհրդական հրաժարական են տվել
Մեծ Բրիտանիայի վարրչապետ Թերեզա Մեյի երկու խորհրդականները, ովքեր պատասխանատու էին խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական արշավի նախապատրաստման համար, հրաժարական են տվել, հայտնում է Reuters գործակալությունը:
«Ես պատասխանատվություն եմ ստանձնում այն դերի համար, որ ունեցել եմ արշավի ժամանակ: Այն մեր ծրագիրը վերահսկելն էր»,- հայտնել է Նիք Թիմոտին՝ բացատրելով իր հրաժարականի մասին որոշումը:
Բացի այդ պահպանողական կուսակցությունում հայտարարել են մյուս խորհրդականի՝ Ֆիոնա Հիլի հրաժարականի մասին:
Նրանք երկուսն աշխատել են Մեյի հետ այն ժամանակ, երբ նա գլխավորում էր ՆԳՆ-ն՝ 2010-ից 2016 թվականներին:
Հաղորդվում է, որ երկու խորհրդականների հրաժարականի վրա պնդել են պահպանողականների ազդեցիկ ներկայացուցիչները, ովքեր Հիլի և Թիմոտիի վրա են դրել Մեյի ոչ համոզիչ նախընտրական արշավի պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, երկրում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ պահպանողականները կորցրել են խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը: Մեյը հայտարարել է, որ կմնա վարչապետի պաշտոնին: