«Իգլա»-ի գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, Սամվել Բաբայանի պաշտպանը՝ դեռ ոչ
Մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ ՊԲ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոց կալանքի դեմ վերաքննիչ բողոքները մերժվել են: Սանասար Գաբրիելյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, իսկ Սամվել Բաբայանի պաշտպանը՝ դեռ ոչ:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին պաշտպանները:
«Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի մերժումից հետո , բողոք եմ ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ»,-ասաց Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը:
«Մեր կողմից խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարան դեռ դիմում չի ներկայացվել»,- ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Հիշեցնենք, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Իրենց առաջադրված մեղադրանքը նրանք չեն ընդունել: Կալանավորված երրորդ անձի ինքնությունը ԱԱԾ-ն չի բացահայտում: ՀՀ մեկ քաղաքացու էլ ձերբակալել էին Վրաստանում, ում սակայն դեռևս Հայաստանին չեն հանձնել: