Մենք այն երկրների շարքում ենք, որոնց համար ՀՆԱ-ի 30-40%-ի պարտքն էլ խնդիր է. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ պետական պարտքի կառավարելի լինելը չի նշանակում, որ երկիրը դեֆոլտի մեջ չէ։ «Գնում են, իմ, քո, մյուսների հաշվին պարտք են վերցնում ու բերում այլ մարդու աշխատավարձ, թոշակ վճարում, բայց չէ՞ որ այդ պարտք վճարողները մենք են: Այնպես չէ, որ իդեալական վիճակում ենք, ու պետական պարտքը սպասարկելը բավարար է, ո՛չ, իմ համար բավարար չէ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
- Պարո՛ն Խաչատրյան, այսօր ՀՀ պետական պարտքը հասնում է մոտ 6 մլրդ.-ի: Տեսակետ կա, թե սպասարկման հետ կապված երկիրը կարող է խնդիրների առաջ կանգնել, այդ վտանգը ռեալ կա՞:
- Արդեն իսկ 6 մլրդ.-ից անցնում է, սակայն կառավարության ծրագրերում նկատվում է, որ այս տարվա ընթացքում կրկին վարկային միջոցներ կներգրավվեն՝ համապատասխան ծախսերը սպասարկելու առումով: Սակայն պետական պարտքի մասին խոսելիս միայն ֆիզիկական ծավալին գնահատական տալը սխալ կլինի, սա ամբողջական պատկեր չէ: Օրինակ, եթե Ճապոնիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 200 տոկոսը, ԱՄՆ-ինը՝ 100 տոկոսը և այլ, սա դեռևս չի նշանակում, որ դա կարող է մեզ համար օրինակ լինել: Դա կախված է նրանից, թե տվյալ երկիրն ինչ տնտեսություն ունի, տնտեսության ինչ կառուցվածք ունի, քանի որ պետական պարտքի խնդիրներն ամեն երկրի համար յուրահատուկ են: Մենք այն երկրների շարքում ենք, որոնց համար ՀՆԱ 30-40 տոկոս պարտքն էլ խնդիր է, քանի որ մենք կայուն տնտեսություն չունենք, տնտեսական լուրջ աճ չունենք, մենք մի կերպ գոյատևող երկիր են: Մեզ մոտ մի յուրահատկություն էլ կա, որ պետական պարտքի հիմնական բեռը զուտ բյուջետային ծախսերը սպասարկելու համար է: Այս տեսանկյունից մեզ համար 30-40 տոկոսն էլ է վտանգավոր, իսկ 60 տոկոսի մասով մեր օրենքում արդեն սահմանափակում կա: Բյուջեի դեֆիցիտը 3 տարվա միջինով 3 տոկոսից ավելի չպետք է լինի, բայց մենք արդեն այդ սահմանը գերազանցել ենք, ու այս տարի բյուջեի պակասորդը 2.7-ը չպետք է գերազանցի:
Խնդիրը նրանում է, թե մենք ինչպես ենք այդ պետական պարտքը վճարելու և ընդհանրապես մենք ի վիճակի՞ ենք վճարել, թե ոչ: Դա կախված է մի քանի հանգամանքներից՝ տնտեսական աճ, արտահանման ծավալներ։ Ի վերջո մենք արտարժույթով պետք է սպասարկենք արտաքին պարտքը, իսկ արտարժույթի մուտքը կարող են ապահովել միայն արտահանումը և տրանսֆերտները:
-Տեսակետ կա, որ արտաքին պարտքը կարող է նվազել ներքին պարտքի ավելացման պարագայում, քանի որ փողը քո պետության մեջ է պտտվում: Սա լուծո՞ւմ է, չէ՞ որ ներքին պարտքն էլ պետք է ի վերջո մարվի:
- Նման մոտեցում կա, զուտ մասնագիտական առումով էլ նման մոտեցում կա, բայց ընդհանուր առմամբ պետք է նայել, թե դա ի վերջո ի՞նչ է փոխում: Միայն առավելությունն այն է, որ կարող ես փող տպել ու դրանով փորձել փակել ներքին պարտքը: Սակայն սպասարկման առումով ներքին պարտքը շատ ավելի թանկ է ու նաև կարճաժամկետ է: Վերջին ժամանակներում մի հայտարարություն եղավ Ֆինանսների նախարարության կողմից, որ երկարաժամկետ էլ կարող է նման պարտատոմսեր թողարկել, բայց կրկնում եմ, որ դրամի կշիռն էլ հաշվի առնելով՝ ինքն ավելի ռիսկային է ու ավելի բարձր տոկոսով պետք է տրվի: Մի մտավախություն ունեմ, որ ներքին պարտքը իշխանությանն ավելի ազատ գործելու հնարավորություն կտա, ինչը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, իսկ մեր նման տնտեսության համար սա շատ դժվար է: Սա կբերի նաև դեֆոլտների, որովհետև, եթե ի վիճակի չլինեն, պարզապես կասեն, որ չեն կարողանում վճարել: Նույն ՌԴ-էլ փորձում է ներքին պարտատոմսերի շուկան ակտիվացնել, որովհետև 90-ական թվականների դեֆոլտից հետո ՌԴ-ն ուշքի չի եկել, բայց առայժմ հաջողության չի հասնում, քանի որ մարդկանց մոտ վստահություն չկա: Այստեղ էլ կարող է նման խնդիր առաջանալ, քանի որ հարց է, թե որքանով քաղաքացիները, իրավաբանական անձինք ու գործարարները կվստահեն կառավարությանը, չէ՞ որ ներքին պարտատոմսերն իրականացվում են հիմնականում հենց իրավաբանական անձանց միջոցով: Միգուցե սա օգտակար է, քանի որ բանկերը կարող են իրենց գործունեությունն անել, քանի որ նրանց մոտ էլ մարդկանց հնարավորությունների պակասությունը խնդիրներ է առաջացնում, իսկ ներքին պարտատոմսերը հնարավորություն են տալիս ակտիվացնել:
-Վերջին 2 տարիներին ընդդիմադիր գործիչները շատ ակտիվ խոսում են դեֆոլտի մասին, սակայն մենք դրա առաջ չեն կանգնում: Ստացվում է՝ պետությունը կարողանո՞ւմ է պարտքը սպասարկել, կառավարել:
-Բայց ո՞վ ասաց, որ դեֆոլտի մեջ չենք, եթե պետական խնդիրները լուծելու համար պետական բյուջեի օրենքը խախտելով՝ դեֆիցիտը դարձնում են 5.3 տոկոս: Բա դեֆոլտն ուրիշ ի՞նչ ձև է լինում, միայն պիտի հայտարարեն, որ չեն կարողանում աշխատավարձ տալ: Ավելի ազնիվ կլիներ, որ այդպես անեին՝ օրենքով շարժվելով, չէ որ օրենքի նախատեսած պարամետրերը խախտվել են: Ինչի՞ են խախտում, ես համարում եմ սա դեֆոլտ: Գնում են, իմ, քո, մյուսների հաշվին պարտք են վերցնում ու բերում այլ մարդու աշխատավարձ, թոշակ վճարում, բայց չէ՞ որ այդ պարտք վճարողները մենք են: Այնպես չէ, որ իդեալական վիճակում ենք, ու պետական պարտքը սպասարկելը բավարար է, ո՛չ, իմ համար բավարար չէ: Պետական պարտքի կառավարելի լինելը չի նշանակում, որ մենք դեֆոլտի մեջ չենք, թեպետ կարող են միջազգային այս կամ այն ստանդարտը բերել, բացի այդ միջազգային կառույցներն էլ իրենց գնահատականը բացասական կդարձնեն: Մի դեպք էլ կա, որ հայտարարենք, թե անվճարունակ ենք, բայց ինչ է՝ դրա՞ն ենք ցանկանում հասնել:
Մանրամասները՝ տեսանյութում: