ԵԱՀԿ ՄԽ հասցեական գնահատականներին պետք է հետևեն հստակ պատժամիջոցները. Շարմազանով
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին ավելի ինտենսիվ, իրականացնում է խաղաղ բանակցությունների տորպեդահարման քաղաքականություն: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ և ԱՀ սահմաններին ադրբեջանական կողմի կրակոցներին:
«Հստակ է, որ արցախաադրբեջանական կոնֆլիկտում կա մեկ ապակառուցողական կողմ, դա Ադրբեջանի Հանրապետությունն է: Այդ իմաստով միջազգային հանրության արդեն հասցեական գնահատականների կարծում եմ՝ պետք է հետևեն հստակ պատժամիջոցները, քանի որ Ադրբեջանը շարունակաբար սպառնում է տարածաշրջանային կայունությանը»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցին, Շարմազանովը նշեց, որ հերթական այց է և սպասելիքներ չկան: ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը մայիսի 18-ին Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ իր ծրագրային-հայեցակարգային ելույթում ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այնտեղ հստակ նշվել է, որ խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի անվտանգությունն է և նրա ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Այս երկու հարցում մենք որևէ միակողմանի զիջումների չենք գնալու»,- ասաց Շարմազանովը: