Թոմ Քաթինա. Այս գործով չէի զբաղվի, եթե քրիստոնյա չլինեի
Երեւան: Մեդիամաքս: Սուդանի բնակիչները հաճախ ոտքով մի քանի օրվա ճանապարհ են անցնում հասնելու համար Թոմ Քաթինային՝ տարածաշրջանում միակ՝ «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժին:
2017թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողներին պատմել է, թե ինչպես կարելի է սահմանափակ միջոցներով եւ մեկուսի վայրում կյանքեր փրկել:
Բացառիկ մարդասիրական գործունեության համար բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Թոմ Քաթինային շնորհել է պատվավոր դոկտորի կոչում:
[[gallery1]]
Քաթինան Հայաստանում է իր փոխարեն Սուդան մեկնած 3 հայ բժիշկների շնորհիվ, որոնք այս օրերին փոխարինելու են ամերիկացի դոկտորին: Նա ցուցադրել է ռմբակոծություններից տուժած, բարդ վիրահատությունների ենթարկված, տարբեր խնդիրներով հիվանդների լուսանկարները. «Կներեք նկարների համար, բայց իրականությունը պետք է ցույց տալ»:
Մեդիամաքսն առանձնացրել է Թոմ Քաթինայի ելույթի առավել ուշագրավ հատվածները:
Միշտ ցանկացել եմ մարդկանց Քրիստոսին հասցնել
Բակալավրիատում սովորել եմ մեխանիկական ճարտարագիտություն: Որոշել էի ինժեներ դառնալ, բայց նաեւ միսիոներ էի ուզում լինել: Սա էր իմ կյանքի նպատակը: Միշտ ցանկացել եմ աշխատել աղքատների, մարգինալացված մարդկանց հետ, ցանկացել եմ օգտագործել բոլոր կարողություններս՝ այդ աշխատանքը կատարելու, մարդկանց Քրիստոսին հասցնելու համար: Միսիոները եւ մեխանիկական ինժեներն անհամատեղելի էին թվում: Համալսարանն ավարտելուց մեկ տարի անց, երբ հորաքույրս մահացավ, որի հետ բոլորս շատ կապված էինք, մտածեցի, որ պիտի բժիշկ դառնամ: Բժշկությունը միսիոներ դառնալու միջոց էր: Այն ժամանակ բժշկական առաքելությունները տարածված չէին, «համաշխարհային առողջություն» գաղափարախոսությունը դեռեւս չկար: Չորրորդ կուրսի ուսանող էի, գնացի Քենիա, ռոտացիոն կարգով երկու ամիս աշխատեցի միսիոներական հիվանդանոցում՝ ամերիկացի քահանայի հետ, սիրեցի այն, ինչ անում էի այնտեղ: Որոշեցի, որ սրանով եմ զբաղվելու:
[[gallery2]]
Պետք է դասեր քաղել ողբերգությունից
Ես այս նկարները չէի նայել մի քանի տարի, բայց յուրաքանչյուր դեպք հիշում եմ անգիր ու մանրամասն: Դրանք բոլորը կյանքիս վրա հետք են թողել: Օդանավից ռումբեր էին նետել, այրվածքներով մարդկանց բերեցին: Երեխաներից մեկն ամեն օր ասում էր՝ ինձ մի թխվածքաբլիթ տուր: Ես սկսեցի ամեն օր նրա բարձի տակ թխվածքաբլիթ դնել, եւ երեք ամիս հետո այդ երեխան մահացավ իմ ձեռքերի մեջ: Զգացողություն ունեի, թե խելագարվել եմ: Անզգայացել էի՝ ոչ տխուր էի, ոչ՝ ուրախ: Միակ բանը, որ կարող եք անել նման դեպքերում, թափ տաք ձեզ ու փորձեք հասկանալ՝ ինչպե՞ս կարող եք հետագայում խուսափել այս ամենից: Այդ անզգայացած վիճակից տուժում են ձեր մյուս հիվանդները, որովհետեւ դուք պետք է քայլ առաջ կատարեք, դասեր քաղեք ողբերգությունից եւ օգնեք մյուսներին:
[[gallery3]]
Եթե դա չանեք, պատժում եք բոլորին՝ սկսում եք գոռալ ձեր աշխատակիցների վրա, նրանց ձեր նկատմամբ բացասաբար եք տրամադրում, եւ նրանք ձեզ չեն ընկալում որպես առաջնորդ եւ չեն հետեւում ձեր օրինակին:
Այս գործով չէի զբաղվի, եթե չլինեի քրիստոնյա
Դուք՝ հայերդ, կարող եք հպարտանալ աշխարհի առաջին քրիստոնյա ազգ լինելով: Ես արդեն 18 տարի Միացյալ Նահանգներում չեմ ապրում, բայց մենք դարձել ենք մի երկիր, որտեղ կրոնի ձայնը լռեցվել է: Սա այդքան էլ դրական չէ: Շնորհիվ կրոնի մենք ունենք բարոյագիտության: Ես այս գործով չէի զբաղվի, եթե քրիստոնյա չլինեի: Գուցե մեկ-երկու տարի կաշխատեի մարդասիրական նկատառումներից ելնելով: Ամեն օր խնդիրների հետ ես առնչվում, որոնք կարող են հավատքի վրա բացասաբար ազդել: Սա շատ հոգնեցնող, ուժասպառ անող աշխատանք է, դեպրեսիվ վիճակ է, երբ ամեն օր մարդ է մահանում ձեռքերիդ մեջ: Եթե չլիներ իմ քրիստոնեական հավատքը, ես երեւի արդեն այնտեղ չլինեի եւ զբաղվեի մեկ այլ գործով: Ես կաթոլիկ միսիոներ եմ, եւ սա է իմ հիմնական շարժառիթը գնալ այնտեղ, եւ որ ավելի կարեւոր է՝ մնալ ու շարունակել աշխատանքս շնորհիվ հավատքիս, քանի որ բառացիորեն ընդունում եմ Քրիստոսի ասած խոսքերը: Երբ հարուստ մարդը եկավ Քրիստոսի մոտ եւ ասաց՝ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի կատարյալ լինեմ: Քրիստոսն ասաց՝ եթե ուզում ես կատարյալ լինել, ինչ ունես, վաճառիր, բաժանիր աղքատներին, վերցրու խաչդ ու արի իմ հետեւից: Աստվածաշունչն ասում է՝ քանի որ այդ մարդը հարուստ էր, չարեց դա: Բայց իմ կարծիքով՝ Քրիստոսը հենց դա նկատի ուներ՝ հրաժարվիր ունեցածիցդ, բեռնաթափվի, տուր աղքատներին եւ արի հետեւիցս: Սա ես ընդունում եմ տառացի: Քրիստոսը ասում էր՝ ես եկել եմ ծառայելու ձեզնից ամենափոքրերին՝ իմ եղբայրներին եւ քույրերին:
[[gallery4]]
Նրանք իրոք մեր փոքր եղբայրներն ու քույրներն են, որովհետեւ չկա ոչ ոք, որ նրանց մասին հոգ տանի: Ինձ համար մեծ պատիվ եւ առանձնաշնորհ է այս առաքելությունը ստանձնել եւ հետեւել Քրիստոսի ոտնահետքերին: Եթե աշխարհում չլիներ որեւէ մեկը, ես կլինեի այնտեղ եւ կանեի այն, ինչ անում եմ:
Կյանքում իմաստ ունենալն օգնում է ապրել
Ես դեռեւս որոնում եմ կյանքի իմաստը: Ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլը, որը Հոլոքոստի վերապրողներից է, ունի «Իմաստի որոնում» անվանմամբ գիրք: Գաղափարներից մեկն այն է, որ ուրախության եւ երջանկության հասնելու համար մարդու կյանքը պետք է իմաստ ունենա: Քանի որ այսօր կա հավատքի կորուստ, մարդիկ շատ հաճախ կորցնում են կյանքի իմաստը: Ես կյանքս ապրում եմ իմաստալից, չնայած՝ ունեցել եմ սարսափելի օրեր, որ պատկերացնել անգամ չեք կարող: Բայց ես այդ ամենի մեջ տեսել եմ իմաստ եւ բավարարվածություն իմ կատարած աշխատանքից: Ձեզնից շատերն ուզել են բժիշկ դառնալ, որովհետեւ դրանում իմաստ են տեսել՝ օգնել, բուժել մարդկանց: Կյանքում իմաստ ունենալն օգնում է ապրել, եւ սա շատ կարեւոր է: