Բաքուն կոպտորեն խախտում է զինադադարը, ասել է Նալբանդյանը
Այս մասին նախարարն ասել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում:
«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարեւորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների եւ անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը: