Բունդեսլիգա. «Բավարիայի» անփառունակ հեգեմոնիան
Մյունխենի «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ 27-րդ անգամ հռչակվեց Բունդեսլիգայի չեմպիոն՝ վերջին 5 տարում անընդմեջ: Ռեկորդային ցուցանիշ` գերմանական ֆուտբոլի պատմության մեջ:
Այնուամենայնիվ, նույնիսկ այսպիսի խելահեղ արդյունք ցույց տվող թիմն ունենում է խնդիրներ, թերություններ, սխալներ եւ իհարկե հիասթափություններ:
«Բավարիայի» անցկացրած մրցաշրջանը թվերով
* Մյունխենյան ակումբն անցկացրած 31 խաղերից հետո հավաքել է 73 միավոր (22 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 2 պարտություն) եւ 10 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «ՌԲ Լեյպցիգին»:
* «Բավարիան» 3 անգամ հաղթել է 6:0 հաշվով, մեկական անգամ 5:0 եւ 8:0: Այսքանից բացի եւս 5 խոշոր հաշվով հաղթանակ:
* 14 չոր հանդիպում Մանուել Նոյերի ակտիվում:
Տեսնելով այս թվերը` կարելի է մտածել, որ Բունդեսլիգայում չեմպիոնության համար պայքարում է միայն «Բավարիան»: Որքան էլ որ ցավալի է, բայց այո, այդպես էլ կա:
Մրցակցության ցածր մակարդակ Բունդեսլիգայում
«Բավարիան» այս մրցաշրջանում ընդամենը 3 շաբաթ չի գլխավորել աղյուսակը: Այդ ընթացքում առաջին տեղում էր գտնվում «ՌԲ Լեյպցիգը»: Սա ոչ միայն Բունդելիգայի, այլեւ ամբողջ գերմանական ֆուտբոլի պարտությունն է, քանզի բոլորովին վերջերս թոփ ակումբի կարգավիճակ ունեցող, կամ դրան հավակնող մի շարք թիմեր պարզապես գտնվում են անդունդի եզրին: Դորտմունդի «Բորուսիան» ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում, Մյունխենգլադբախի «Բորուսիան»` 9-ում, «Շալկե 04»-ը` 10-ում, իսկ Լեվերկուզենի «Բայերն» ու «Վոլֆսբուրգը» հասել են նրան, որ պայքարում են Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար: Սա պարզապես աղետ է: Վերջին տարիներին «Բավարիայի» գլխավոր հետապնդող Դորտմունդի «Բորուսիան» աստիճանաբար կորցնում է ինքնությունը:
[[gallery1]]
Ամեն նոր մրցաշրջանից առաջ, գրեթե, ամբողջ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սեւեռվում է այս երկու թիմերի «չեմպիոնական» պայքարի վրա, բայց մեկնարկային մի քանի խաղերից հետո՝ նույն հիասթափությունը: Այժմյան «Բորուսիան» թողնում է միջակ ակումբի տպավորություն: Վերջին 4-5 տարիների ընթացքում նրանց լավագույն երեք խաղացողները՝ Գյոթցե, Լեւանդովսկի, Հյումելս, տեղափոխվում են հակառակորդի ճամբար: Իսկ պատճառը մեկն է՝ ֆուտբոլիստները չեն ցանկանում հավերժ լինել հետապնդողի դերում: «Բորուսիայի» ներկայիս կազմում թոփ մակարդակի ֆուտբոլիստներին թվարկելու համար շատ է նույնիսկ մեկ ձեռքի 5 մատը՝ Օբամեյանգ, Գյոթցե, Ռոյս: Իսկ մյունխենյան գիգանտին այս քանակի բարձրակարգ ֆուտբոլիստներով գերազանցելը ֆանտաստիկայի ժանրից է:
«Բավարիայի» գերակայության բացասական կողմերը
Բունդեսլիգայում մրցակցության ցածր մակարդակը բացասաբար է անդրադառնում «Բավարիայի» եվրոպական մրցելույթների վրա: Երբ թիմն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ներքին առաջնությունում խաղում է իր հնարավորությունների գրեթե 50-70 %-ի չափով, ապա եվրագավաթային խաղերում փաստի առաջ է կանգնում: Խաղային տոնուսը, ռիթմը շատ կարեւոր են նման մրցաշարերում հաջող հանդես գալու համար:
«Բավարիայի» խնդիրները Չեմպիոնների լիգայում
Արդեն 4-րդ տարին անընդմեջ «Բավարիայի» ճանապարհը ՉԼ-ում ընդհատվում է կիսաեզրափակչում: Երկու թոփ մարզիչներ բախվում են միեւնույն խնդրին: Զուգադիպությու՞ն է, չեմ կարծում: Բայց ամեն ինչ մարզիչների կամ ղեկավարության վրա բարդելն էլ սխալ կլինի: Նախ` ղեկավարությունը երկու դեպքում էլ թիմ է հրավիրել տվյալ պահին ազատ լավագույն մասնագետներին: Իսկ մարզիչների պարագայում՝ մոտեցումները եղել են տարբեր, սակայն արդյունքը մնացել է նույնը:
[[gallery2]]
Գվարդիոլան կիրառում էր մի շարք նորամուծություններ` կապված խաղային սխեմայի եւ ֆուտբոլիստների դիրքերի հետ: Երբեմն էլ իր գործը վստահում էր խաղացողներին: Ինչպես խոստովանել են Գվարդիոլան եւ Ֆիլիպ Լամը, 2014 թվականի ՉԼ-ի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ խաղում մեկնարկային կազմն ընտրել են հենց ֆուտբոլիստները: Իհարկե այդ գործընթացի թույլտվությունը տրամադրել է Պեպը:
Արդյունքում՝ 0:4 հաշվով պարտություն:
Կառլո Անչելոտիի ղեկավարման ընթացքում «Բավարիայի» խաղը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Այն գցել է իր տեմպը, դարձել ավելի զուսպ: Պապա Կառլոյի` երիտասարդներին չվստահելու տարօրինակ մոլուցքը սահմանափակում է թիմի հնարավորությունները: Իսկ վետերաններով կատաղի պայքար մղելը, միեւնույնն է, արդյունք չի ապահովի:
Բունդեսլիգայում «Բավարիայի» հեգեմոնիան վերացնելու անհրաժեշտությունը գնալով մեծանում է: Որքան էլ որ պարադոքսալ թվա, բայց դա կօգնի ոչ միայն Գերմանիայի առաջնությանը, այլեւ մյունխենցիներին՝ եվրագավաթային անեծքը հաղթահարելու համար:
Միհրան Ալեքսանյան