Անհավանական Ռոնալդուն, «Ռեալի» եւ «Ատլետիկոյի» հաջողությունները
Մադրիդում կայացած դիմակայությունը շատ դրամատիկ է ստացվել: «Բավարիայից» 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրել է Լեւանդովսկին, ապա ինքնագոլի հեղինակ է դարձել Ռամոսը:
Սակայն Զիդանի սաները չեն հաշտվել պարտության մտքի հետ, անընդհատ նետվել են առաջ,ու կրկին փայլել է Ռոնալդուն: Պորտուգալացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել, գրանցել նոր ռեկորդ՝ Չեմպիոնների Լիգայում խփելով իր 100-րդ գոլը: «Ռեալի» 4-րդ գնդակը Ասենսիոյի հաշվին է:
Արքայական ակումբը դարձել է առաջին թիմը, որը 7-րդ անգամ անընդմեջ դուրս է եկել ՉԼ-ի կիսաեզրափակիչ:
Անգլիայում կայացած «Լեսթեր»-«Ատլետիկո» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի: Այստեղ հաշիվը բացել են հյուրերը, գոլի հեղինակ է դարձել Սաուլ Նիգեսը, իսկ «Լեսթերից» պատասխան գնդակը խփել է Վարդին: Ընդհանուր՝ 2:1 հաշվով մադրիդցիներն անցել են կիսաեզրափակիչ: