Հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը մեկնում է Արցախ՝ ծաղրելով Ադրբեջանը
«Առավոտյան գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հինավուրց հայկական Արցախ: Ասում են, ամենագեղեցիկ վայրն է ողջ Անդրկովկասում: Կարծիք կա, որ այնտեղ մուտք գործողները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինձ դա չի մտահոգում, քանի որ Ադրբեջանի գոյությունը իբրեւ ինքնիշխան պետական կազմավորում համարում եմ պատմական սխալ եւ թյուրիմացություն: Ինչպես որ այդ երկիրը գոյություն չուներ մինչեւ 1918 թվականը, այնպես էլ հետագա տարիներին աշխարհի քարտեզը կարող էր հանգիստ առանց նրա դիմանալ: Ափսոս, որ այդ երջանիկ հնարավորությունը կորսված է», - գրել է Անտոն Նոսիկը:
Նա նշել է, որ Ադրբեջանում իշխում է «կլեպտոկրատիկ ընտանեկան բռնապետությունը, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ վտանգավոր պետական հանցագործ»:
Անտոն Նոսիկն ասել է, որ բնական հանածոները «աշխարհի քարտեզում Ադրբեջանի ձգձգված ներկայության պահպանման միակ պատճառն են» եւ որ Մինսկից Լապշինի արտահանձնումը եւ Սաֆարովի ազատումը «նավթադոլարներով վճարված գործարքներ են»:
«Ի՞նչ կմնա Ադրբեջանից, երբ այդ փողերը վերջանան: Կապրենք, կտեսնենք: Այնքան էլ երկար չենք սպասելու», - եզրափակել է Անտոն Նոսիկը:
Մեդիամաքսը նշում է, որ Անտոն Նոսիկը առաջին անգամ չէ աջակցություն հայտնում հայկական կողմին:
2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նա իր ֆեյսբուքյան էջում «Ես եմ Արցախը» գրությամբ լուսանկար էր տեղադրել:
Մինչ այդ էլ Նոսիկը բազմիցս դատապարտել էր Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումը: