Սեյրան Նիկողոսյանը դժգոհ է ԵԱ-ի արդյունքներից
«Մարզիկները պատրաստ էին, ու ես հույս ունեի, որ կկարողանան դուրս գալ եզրափակիչ փուլ: Սակայն նրանք պարտվեցին հոգեբանորեն: Գտնում եմ, որ մեր մարզիկները հոգեբանական խնդիրների պատճառով չեն կարողանում պայքարել ու դիմանալ մինչեւ վերջ: Մարզիչները փորձում են լուծել այդ հարցերը, սակայն երեւի մենք հետաքրքրվենք ու հրաձգությունից հասկացող հոգեբանի հետ սկսենք համագործակցել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկողոսյանը:
ԵԱ-ի մեդալակիր Լիլիթ Մկրտչյանն առաջին անգամն է ելույթ ունեցել մեծահասակների պայքարում, իր ելույթից եւ գոհ է, եւ դժգոհ:
«Իսկապես, շատ լարված մրցաշար էր: Մեծահասակների առաջնությունը շատ է տարբերվում երիտասարդներից, բայց զգացի, որ անհնարին ոչինչ չկա, ու ես ոչնչով չեմ տարբերվում ավելի փորձառու մասնակիցներից: Այս մեդալն ինձ ոգեւորեց ու համոզեց, որ ավելի շատ ժամանակ անցկացնեմ հրաձգարանում»,- ասել է մարզուհին:
Հավաքականը հունիսին մասնակցելու է Աշխարհի առաջնությանը: Մինչ այդ համատեղ հավաք են անցկացնելու Լեհաստանի, Լատվիայի եւ Ուկրաինայի ընտրանիների հետ. «Աշխարհի Գավաթի խաղարկությանը, ցավոք, չենք մասնակցի: Պատճառը փափուշտների պակասն է: Բարձրակարգ փամփուշտներ արտադրում են միայն Անգլիան ու Գերմանիան: Վերջիններս մեր երկիրը պատերազմական դրության մեջ են համարում ու այդ տեսակի փամփուշտներ չեն վաճառում»: