Ծանրամարտի կանանց հավաքականը ԵԱ-ում հանդես կգա երեք մասնակցով
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասել է, որ թիմն այժմ մարզումներ է անցկացնում Ծաղկաձորում:
«Մարտի 19-ին հավաքը կավարտենք, աղջիկները կշարունակեն պատրաստվել անձնական մարզիչների մոտ: Ապրիլի սկզբին կմեկնենք Խորվաթիա, որտեղ էլ կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Ներսիսյանը:
ԵԱ-ում ելույթ են ունենալու Իզաբելա Յայլյանը (58 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (90 կգ):
«Ցավոք, մեր մարզուհիների մեծ մասը դեռ պատանեկան ու երիտասարդական տարիքում է: Դա է պատճառը, որ մեծահասակների մրցաշարերում այս տարի քիչ մարզուհիներ կունենանք: Փոխարենն արդեն 2018-ին, երբ մեկնարկեն վարկանշային առաջնությունները, մենք կկարողանանք ավելի պատրաստված լինել»,- նշել է նա: